ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանն ընտրվել է վեհաժողովի փոխնախագահ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսում հայտնեցին պատվիրակության անդամները:
Բեղլոյանը նշեց` դա պատվիրակության մեկ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: «ՀՀ պատգամավորական ներկայացուցչության ստատուսը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում բարձրացվեց: Կոնսենսուսով, բոլոր երկրների ստորագրությամբ հաստատվեց իմ թեկնածությունը՝ որպես փոխնախագահ: Դա անձի հետ կապված գործընթաց չէ, դա կազմակերպությունում Հայաստանի աճող դերի արտացոլումն է ու բոլորի թիմային աշխատանքի արդյունքը»,- ասաց Բեղլոյանը:
Նա նշեց` խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանն առաջին անգամ ղեկավար պաշտոն է զբաղեցնում միջխորհրդարանական կազմակերպության կազմում և դա համարեց Հայաստանի արտախորհրդարանական դիվանագիտության զգալի նվաճում:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 19-21-ը: