IDBank-ը ներկայացրեց «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկ»-ի դատական գործի մանրամասները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը, (նախկինում՝ «Անելիք բանկ») մանրամասներ ներկայացրեց «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկ»-ի դատական գործի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան:

«Մենք կարծում ենք, որ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել որևէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն»,-ասաց Մհեր Աբրահամյանը:

Գործի նախապատմությունը հետևյալն է: 2010 թվականի հունիսի 10-ին «Անելիք Բանկ»-ի (այժմ՝ IDBank) և «Բյուրակն» ընկերության միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով իրական շահառու Գևորգ Աֆանդյանի ընկերությունը բանկից ստացել է 7 մլն դոլար վարկ՝ գրավադրելով այդ բիզնես-խմբի անդամ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությանը պատկանող «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը: 2015 թվականի հունվարին, «Բյուրակն» ընկերության կողմից իր վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, բանկը ստիպված էր գրավադրված գույքի բռնագանձում կատարել: 2015 թվականի մարտի 4-ին «Անելիք բանկ»-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել գնման իրավունք: «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը չուներ ոչ իրավական, ոչ էլ ֆինանսական կարողություններ հետ գնելու բռնագանձված գույքը, քանի որ սնանկ էր: Հետևաբար, 2016 թվականին բանկը գրավադրված գույքը վաճառել է հատուկ այդ նպատակով իրական շահառու Գևորգ Աֆանդյանի հետ ունեցած համաձայնությամբ ստեղծված մի ընկերության, որում վերջինիս որդին առանց որևէ ներդրման ստացել է 33.3 տոկոս մասնաբաժին: Այսինքն՝ գույքն օտարվել է Գևորգ Աֆանդյանի կողմից նշված անձին, ինչը և սահմանված էր համաձայնագրով: Ամիսներ անց սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության սնանկության կառավարիչ Հ. Ասոյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի այն հիմքով, որ խախտվել է ընկերության՝ գրավի առարկան 2 տարվա ընթացքում անձամբ կամ իր կողմից նշված անձի կողմից ձեռք բերելու նախապատվության իրավունքը: Ըստ Ասոյանի՝ բանկը գույքը վաճառել է ավելի շուտ, ինչի համար համաձայնությամբ սահմանված էր տույժ՝ գույքի արժեքի հնգապատիկի չափով՝ 21, 863, 856.35 դոլար:

«Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը հենց Գևորգ Աֆանդյանի կողմից նշված երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով: Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը այդ ընկերությունում առանց որևէ դրամ ներդրում կատարելու ստացել է 33 տոկոս փայամասնակցություն»,-ասաց Մհեր Աբրահամյանը՝ հավելելով, որ Հայաստանի բանկային համակարգի ամբողջ պատմության ընթացքում չի եղել նման մեծության դատական գործընթաց, և այս առումով այն աննախադեպ է: Նա ընդգծեց, որ թեև այս գործընթացը վերաբերում է «Անելիք բանկ»-ին, սակայն տվյալ գործարարը և նրա հետ կապված ընկերություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ Հայաստանի մի շարք բանկերի հետ ևս:

«Ազգային ժողովում անդրադարձ կատարվեց այս գործընթացին և որակվեց, որ անբարեխիղճ տնտեսավարողի գործունեությունը վտանգում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի կայունությունը: Մենք հրավիրում ենք Կենտրոնական բանկի և վարչապետի ուշադրությունն այս խնդրի վրա: Այստեղ համակարգային խնդիր կա»,- նշեց Մհեր Աբրահամյանը:

IDBank-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նկատեց, որ սկզբում դատական գործը արհեստական մեխանիզմի կիրառմամբ, տրամաբանությունից դուրս քննվել է Կոտայքի մարզում, դա այն դեպքում, երբ բանկը գրանցված է Երևանում: Դրանից բացի, Կոտայքի դատարանը գործը քննում է շատ արագ՝ 5 ամսում անցկացնելով 8 դատական նիստ՝ վճիռ կայացնելով հօգուտ հայցվորի: Բանկը, համամիտ չլինելով վճռի հետ, գործը բողոքարկում է Վերաքննիչ դատարան՝ ներկայացնելով հիմքերը: Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացել մոտ 22 մլն դոլար բանկից բռնագանձելու մասին:

«Մենք այն նույնպես վերաքննիչ կարգով բողոքարկել ենք: Մենք գտնում ենք, որ դատարանը մի շարք խախտումներ է իրականացրել, առկա են սխալներ»,-ասաց Արթուր Մելիքյանը:

Ներպետական ատյանները սպառելուց հետո բանկը չի բացառում, որ կարող է դիմել միջազգային դատարան:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե բանկը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, ավելին՝ գնում է սնանկացման: Մհեր Աբրահամյանը վստահեցրեց, որ նման խնդիր չկա, բանկը կայուն վիճակում է, այն դինամիկ զարգանում է, շատ լուրջ ծրագրեր ունի Հայաստանում, իրենք նպատակ ունեն բանկը դարձնել միջազգային բանկ: Նա վստահեցրեց, որ բանկի որևէ հաճախորդ չի կարող տուժել, բանկն ունի առավել քան բավարար կապիտալ և իրացվելիություն:

Հայերեն

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները

Իրանը մեծացնում է սպառազինության հիմնական տեսակների արտադրությունը. ՊՆ

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

«Գիտության շաբաթ 2026»-ի շրջանակում հայտարարվում է «Հորիզոնից անդին» գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթ

Ալժիրի խորհրդարանն առաջին անգամ կին է գլխավորել

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող կազմակերպությունների վերահսկողության նոր կարգ

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ