Մշակույթ

Թումանյանի ստեղծագործությունները հնչեցին ազգային փոքրամասնությունների 11 լեզուներով

4 րոպեի ընթերցում

Թումանյանի ստեղծագործությունները հնչեցին ազգային փոքրամասնությունների 11 լեզուներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում բանաստեղծի ծննդավայրում՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուն-թանգարանում, Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց լեզուներով ընթերցեցին Թումանյանի բանաստեղծություններն ու հեքիաթները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն ընդգծեց, որ միջոցառման գաղափարն առաջացել է իր ղեկավարած խորհրդի քննարկման ընթացքում:

«Ավարտին էր մոտենում թումանյանական հոբելյանական տարին, և Հայաստանում բնակվող Ազգային փոքրամասնությունների խորհրդի նիստի ժամանակ քննարկվեց տարեվերջյան միջոցառում կազմակերպելու հարցը: Շատ շնորհակալ եմ Հայաստանի վրացական համայնքին՝ այս միջոցառումն առաջարկելու համար, և խորհրդի անդամներին, որ մեծ ոգևորությամբ աջակցեցին ու բոլորը համաձայնեցին մասնակցել միջոցառմանը»,- ասաց Ղազարյանը:

Հայաստանում «Վրացական «Իվերիա» համայնքի փոխնախագահ էթերի Ցոմայայի խոսքով՝ իրենց համայնքը սերտ կապի մեջ է նաև Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ:

«Ամեն տարի թանգարանը մեզ հրավիրում է իր փառատոնին, որտեղ մենք վրացերեն լեզվով ասմունքում ենք Թումանյանի բանաստեղծություններն ու պատմում հեքիաթները: Թբիլիսիում իմ պապիկը՝ Արտաշես Համբարձումյանը շատ սերտ կապ ուներ Հովհաննես Թումանյանի հետ, նրանք ընկերներ էին: Շատ էին սիրում գրքեր, տանը մեծ գրադարան ունեինք: Այդ գրքերից մի քանիսը ես նվիրել եմ Մատենադարանին, մեկն էլ այսօր մեր համայնքի անունից որոշել եմ նվիրել Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին»,- նշեց Ցոմայան:

Հայաստանում ապրող ռուսական, բելոռուսական, ուկրաինական, քրդական, եզդիական, ասորական, հունական և այլ համայնքների ներկայացուցիչներն ընթերցեցին Թումանյանի հայտնի բանաստեղծությունները, քառյակները, ինչպես նաև իրենց լեզուներով թարգմանված կարդացին «Սուտասանը» և մի շարք այլ հեքիաթներ:

Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայլովը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է մասնակցել այս միջոցառմանը:

«Մենք ուրախ ենք այս հրաշք մարդու, մեծ հայի, անսահման սիրտ ունեցող, հայությանը, հայրենիքին նվիրված մարդու տանը գտնվել: Թումանյանի ստեղծագործությունները թարգմանվել են նաև Հունաստանում՝ այնտեղ բնակվող հայ համայնքի կողմից»,- ասաց Միխայլովը:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը նշեց, որ նման միջոցառումների պակաս իրենք չունեն:

«Քանի որ այս տարի Թումանյանի 150-ամյակն է, ավելի շատ են նման միջոցառումները, իսկ ընդհանրապես, մեզ մոտ գալիս են ռուսներ, գերմանացիներ, մի քանի տարի առաջ լեհահայ համայնքի հետ այստեղ շատ հետաքրքիր միջոցառում կազմակերպեցինք: Թանգարանն այցելուների պակաս չունի»,- նշեց Ղազումյանը:

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը նշեց, որ իր ղեկավարած մարմնի կողմից նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում