Սպենդիարյանի երաժշտական կրթօջախի առաջին դասարանցիները երդվեցին բարձր պահել կոմպոզիտորի անունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի առաջին դասարանցիները հոկտեմբերի 31-ին Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանում «սպենդիարյանական երդում» տվեցին` խոստանալով լավ սովորել, բարձր պահել կոմպոզիտորի անունը, իրենց լավագույնս դրսևորել երաժշտության աշխարհում:

«Այս միջոցառումը 1996 թվականից է մեկնարկել: Մենք ցանկանում էինք` կոմպոզիտորի անունը կրող երկու մշակութային հաստատությունների միջև համագործակցություն սկսվի: Սպենդիարյանի դաշնամուրը թանգարանային արժեք ունի, և մենք երբեմն առիթներ ունենում ենք հյուրընկալելու հանրահայտ երաժիշտների, որոնց պատիվ է տրվում նվագել նրա գործիքով: Այս նախաձեռնության շրջանակում կոմպոզիտորի դաշնամուրով նվագելու պատվին են արժանանում այն առաջին դասարանցիները, որոնք արդեն շատ լավ են տիրապետում գործիքին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Տնօրենը հավելեց, որ տարվա լավագույն ջութակահարին էլ իրավունք է տրվում նվագելու Սպենդիարյանի ջութակով, որը նույնպես պահվում է թանգարանում: «Սա թանգարանային արժեքները կենդանացնելու ձև է»,-ասաց Օթարյանը:

Նա շեշտեց, որ այս տարիների ընթացքում այն առաջին դասարանցիները, որոնք նվագել են կոմպոզիտորի դաշնամուրով, դարձել են հայտնի երաժիշտներ: Նրանցից են Նարե Արղամանյանը, Նառա Ավետիսյանը, Լիլիթ Մանուկյանը և այլք: «Այս արարողությունն ասես կանաչ ճանապարհ է բացում երեխաների համար»,-նշեց տնօրենը:

Դպրոցի լավագույն դաշնակահարներ ճանաչվեցին պատանի երաժիշտներ Էլինա Բաբայանը և Ալինա Գասպարյանը: Լավագույն ջութակահար համարվեց Մանե Հովհաննիսյանը:

Մանեն ասաց, որ ընտրել է ջութակը, քանի որ իր ծնողները ջութակահարներ են: «Ինձ շատ են դուր գալիս ջութակի մեղեդիները: Սիրում եմ արագ ստեղծագործություններ նվագել, իսկ այսօր շատ ուրախ եմ, որ նվագելու եմ Սպենդիարյանի ջութակով»,-նշեց փոքրիկ երաժիշտը:

Էլինա Բաբայանն էլ վստահեցրեց, որ դաշնամուրը միշտ լավ է հնչում, հենց այդ պատճառով է որոշել դաշնակահարուհի դառնալ: «Մինչ երաժշտական դպրոց ընդունվելս, գիտեի Ալեքսանդր Սպենդիարյանի, Չայկովսկու, Բեթհովենի, Բախի, Շոպենի, Արամ Խաչատրյանի ու այլ կոմպոզիտորների մասին: Ոգևորված եմ, որ նվագելու եմ Սպենդիարյանի գործիքով»,-ասաց Էլինան:

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը` նոյեմբերի մեկին, նրա անվան երաժշտական դպրոցի, տուն-թանգարանի, օպերային թատրոնի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհելու կոմպոզիտորի շիրիմին ու կատարելու են նրա ստեղծագործությունները:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը