Հասարակական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազնին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարը, հանդիպման սկզբում ողջունելով հյուրերին, նշել է, որ արքայազնի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար։

Ռումինիայի արքայազնն ընդգծել է, որ կրթությունն ու մշակույթը հասարակությունն առաջ մղող հիմնական գործոններն են։ Արքայազնը խոսել է Ռումինիայում հայկական համայնքի ունեցած նշանակալի դերի մասին՝ ընդգծելով, որ մեր երկրների միջև պատմական ընդհանրություններ կան, որոնք կարող են ավելի ամրապնդել համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու համար և ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալու ճանապարհին Հայաստանի համար առաջնահերթություն է կրթական համակարգի բարեփոխումը, և ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու այն բոլոր ասպարեզներում, որոնք կծառայեն այդ նպատակին։ Նախարարը նաև նշել է, որ Ռումինիան Եվրոպական միության հետ սերտ համագործակցության դարպասներից մեկը կարող է դառնալ։

Արքայազն Ռադուն նշել է, որ արտերկրում կրթություն ստացող ուսանողներն իրենց երկրի յուրօրինակ դեսպաններն են և պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը հենց բարձրագույն կրթության և գիտության ոլորտում։ Նա ընդգծել է, որ կրթական ու մշակութային կապերի ամրապնդումն անխուսափելիորեն կհանգեցնի նաև տնտեսական համագործակցության զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում