Երգչուհի Լուսինե Կչոզյանը բարձր հորիզոնականներ է զբաղեցրել միջազգային մրցույթի երեք անվանակարգում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Լուսինե Կչոզյանը օրերս մասնակցել է Sofia Grand Prix 2019 15-րդ միջազգային երաժշտական փառատոնին և մրցանակների է արժանացել երեք անվանակարգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Կչոզյանը, որը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, պատմեց, որ «Ֆոլկ երաժշտություն» անվանակարգում կատարել է «Յարը մարդու յարա կուտա» գործն ու զբաղեցրել է առաջին հորիզոնականը, համաշխարհային հիթերից հնչեցրել է Սելին Դիոնի «It’s all coming back to me now» երգն ու կրկին գրավել առաջին տեղը, իսկ ջազային անվանակարգում ներկայացրել է կոմպոզիտոր ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանի «Տեմպ-ռիթմ-մեղեդի» ստեղծագործությունն ու արժանացել «Գրան Պրի» մրցանակի:

Sofia Grand Prix-2019-ին մասնակցել են երաժիշտներ Սերբիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից: «Բավականին հետաքրքիր ու լուրջ մրցույթ էր, և ես շատ ուրախ եմ, որ բարձր պահեցի Հայաստանի պատիվը, ծածանեցի մեր երկրի դրոշը: Ըստ իս` հերոսություն է միջազգային մրցույթում միայնակ ներկայանալն ու երեք անվանակարգում բարձր հորիզոնականներ զբաղեցնելը: Այս միջազգային մրցույթին ևս մեկ անգամ հիշեցրինք, որ կա Հայաստան, որն ունի բարձր արվեստ: Բոլորը հիացել էին մեր ստեղծագործություններով: Հրաշալի է, երբ ներկայացնում ես երկիրդ և այն արվեստը, որը ոչ միշտ է հասանելի ամբողջ աշխարհին: Պետք է մշտապես պրոպագանդել մեր երաժշտությունը»,-ընդգծեց Կչոզյանը:

Խոսելով մրցույթի շրջանակում ծնված համագործակցությունների մասին` նա ասաց, որ ծանոթություններ են ձեռք բերվել միջազգային մրցույթների ղեկավարների, կազմակերպիչների հետ: Կչոզյանի խոսքով` հետագայում ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթների, հաղորդակցվել օտարազգի երաժիշտների հետ: «Եթե անգամ բարձր հորիզոնականներ չզբաղեցնեն, միջազգային հարթակում ելույթ ունենալը նրանց կոգևորի, ավելի շատ աշխատելու, ավելի մեծ հաջողությունների հասնելու ազդակ կտա»,-համոզմունք հայտնեց երգչուհին:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է Լուսինե Կչոզյանը որոշել երգարվեստով զբաղվել, և նա խոստովանեց, որ նախկինում չի մտածել երգչուհի դառնալու մասին, բայց սիրել է երաժշտությունը: «Երբ եկավ մասնագիտական ընտրություն կատարելու ժամանակը, ընտրեցի երգը, որովհետև այն ինձ հոգեհարազատ էր: Շփվելով երաժիշտների հետ, նրանցից խորհուրդներ հարցնելով` ընդունվեցի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ, այնուհետև` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այժմ դասավանդում եմ երկու հաստատություններում էլ»,-նշեց Կչոզյանը:

Երգչուհին պատմեց, որ ծանոթացել է Երվանդ Երզնկյանի և Մարտին Վարդազարյանի հետ, որոնք առաջարկել են ընդունվել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ, որտեղ երգում է քսան տարի:

«Իմ ձայնով զբաղվել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Էլվինա Մակարյանը, Արմանուշ Հակոբյանը: Իմ ձայնածավալը բավականին մեծ է, բայց առանց զգացմունքայնության այն չի կարող ազդեցիկ լինել: Ուսանողներին միշտ ասում եմ, որ ավելի լավ է կարողանալ խոսքն ու հոգեվիճակը ճիշտ մատուցել փոքր ձայնով, քան ունենալ հզոր ձայն, բայց երգել առանց հույզերի: Միշտ բերում եմ Շառլ Ազնավուրի օրինակը, որի առաջ ամբողջ աշխարհն է խոնարհվել»,-ասաց Կչոզյանը:

Երգչուհին օրերս երաժշտասերների դատին է հանձնել «Հայրենիք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Տիգրան Նազարյանն է, երգի երաժշտությունը գրել է, Ալբերտ Աբգարյանը, խոսքերը` Լիլիթ Դամիրյանը, Գործիքավորել է Արթուր Հակոբյանը:

«Կարծում եմ` հրաշալի երգ է, տպավորիչ տեսահոլովակ, որը նկարահանել ենք Հայաստանի տեսարժան վայրերում»,-եզրափակեց Լուսինե Կչոզյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները տրամադրել է Լուսինե Կչոզյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում