«Երևանն ունի մեծ պատմություն, բայց նաև պետք է ունենա հզոր ներկա ու ապագա». Հայկ Մարության

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: կայացել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացած «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառման ու գալա-համերգի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ, ամփոփել է քաղաքային վարչակազմի գործունեության մեկ տարին և համառոտ ներկայացրել տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,խոսելով կրթական ոլորտի, մասնավորապես մանկապարտեզների մասին, քաղաքապետն ընդգծել է, որ ապրիլից բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 20%-ով: Մոտ 6500 քմ օտարված տարածքներն էլ վերադարձվել են նախակրթարաններին և դրա հաշվին շուրջ 1000 երեխա ավել կարող է հաճախել մանկապարտեզ: Մանկապարտեզներում գործում է նաև հերթագրման էլեկտրոնային համակարգ:

«Սա նշանակում է, որ հերթագրումը թափանցիկ է և ոչ ոք չի կարող առաջ գցել իր հերթը: Ինչպես և բոլորը, այնպես էլ ես, իմ երեխային, որն այսօր 2 տարեկան է, հերթագրել եմ, որպեսզի, տարիքը լրանալուց հետո կարողանա հաճախել մանկապարտեզ»,-նշել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նաև հավելել է, որ պոլիկլինիկաներում ևս ներդրվել է էլեկտրոնային հերթագրում և քաղաքացիներն այսօր կարող են տնից՝ զանգով հերթագրվել և նախընտրած օրն ու ժամին այցելել բժշկի:

Նշվել է, որ բյուջեի սեփական մուտքերը 2018-ի համեմատ 2019-ին շուրջ 50%-ով ավելացել են՝ կազմելով 10 մլրդ դրամ:

«Մեր խոստումը ուղիղ ժողովրդավարության և հանրային բյուջեի մասին իրականացրել ենք: Այսօր արդեն գործում է https://activecitizen.yerevan.am/ կայքը: Դրա համար քաղաքային իշխանությունը տրամադրել է 500 մլն դրամ: Մուտք գործելով այդ կայք՝ յուրաքանչյուր երևանցի կարող էր առաջարկել իր նախագիծը, որի համար կքվեարկեն հենց երևանցիները և, լավագույն ու ամենաշատ ձայները հավաքած նախագծերը կիրականացվեն»,-նշել է Մարությանը:

Քաղաքապետը ներկայացրել է, որ պատմական և ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի վրայից ապամոնտաժվում են գովազդները:

«2019 թվականին տրամադրվել է ավելի շատ շինթույլտվություն, նախագծման թույլտվություն և ավարտական ակտ, քան նախորդ առնվազն 3 տարիներին: Ասֆալտապատել ենք 600 հազար քմ ճանապարհ, տնտեսումների հաշվին մինչև տարեվերջ կասֆալտապատվի ևս 100 հազար քմ»:

Քաղաքի կանաչապատման մասին խոսելով՝ քաղաքապետը նշել է, որ ստեղծվում է նոր համակարգ. Երևանը կունենա իր հիմնարկը, որն էլ կզբաղվի այդ աշխատանքներով:

Արդեն ավարտված է 20 վերելակի պիլոտային ծրագրի մրցույթը: Աշխատանքները շուտով կմեկնարկեն: Պատրաստ է նաև տրանսպորտային նոր ցանցի ֆինանսական մոդելը: Մետրոյի նոր կայարանի հետ կապված էլ ներդրողի հետ կա էսքիզային նախագիծ, սկսվել են հաշվարկային աշխատանքներ:

«Ուզում եմ խոսել նաև թափառող կենդանիների խնդրից: Մեր թիմը հայտարարեց, որ այլևս կենդանիների սպանդ տեղի չի ունենալու և ստեղծվեց կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը, որը միանգամից գործի անցավ ու համալրվեց լավագույն մասնագետներով: Այս պահին արդեն ստերջացրել ենք 2000 շուն: Սա մեծ արդյունք է: Մի քանի տարի անց այս խնդիրը լուծված կլինի»,-ասել է քաղաքապետը:

Խոսելով աղբահանության մասին քաղաքապետն ընդգծել է.«Գիտեք, որ այսուհետ Երևան քաղաքի աղբահանությունն իրականացնում է մեր քաղաքային հիմնարկը, որն այս պահին ունի ավելի քան 50 մեքենաներ, ձեռք ենք բերում նաև ձնամաքրման մեքենաներ, փոշեկուլներ, որպեսզի քաղաքը աղբի հետ կապված խնդիր չունենա: Այստեղ պետք է շնորհակալություն հայտնեմ մեր բնակիչներին՝ խնդրի լուծմանը համբերատար սպասելու համար»,-ընդգծել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին՝ միասնական աշխատանքի համար, ինչպես նաև՝ կառավարությանը և վարչապետին՝ աջակցության համար:

Այնուհետև քաղաքապետը խոսել է քաղաքի ապագայի խնդիրներից։«Այսօր աշխատավայրում ձեռքիս այս տարվա պաստառներն էին, որոնցում պատկերված են Երևանի տարբեր վայրերը՝ Օպերան, Կասկադը, Կայարանը, Մայր Հայաստանը, Մատենադարանը: Հասկացա, որ մեր պաստառներում չկա պատկերված մի վայր, որ մենք կառուցել ենք վերջին 25 տարում: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք սկսենք այդ աշխատանքը: Մեր քաղաքն ունի ահռելի մեծ պատմություն, բայց նաև պետք է ունենա հզոր ներկա ու ապագա: Շնորհավորում եմ քեզ՛, Երևա՛ն» ,-նշել է քաղաքապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես, նշել է.

«Սա իսկապես հրաշալի տոն է բոլորիս համար և սա տոն է, որն արդեն շատ երկար տարիներ ուղեկցում է մեզ: Էրեբունի-Երևան տոնակատարությունը, Երևանի հոբելյանը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է և երևի սխալված չեմ լինի ասել, որ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է: Սա ունի շատ կոնկրետ պատճառ, որովհետև Երևանի ամեն շենքի ամեն քար իր մեջ ներառում է, պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր: Մենք բոլորս սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ: Այս է պատճառը, որ մենք ուր էլ գնանք, ուր էլ լինենք՝ մեր առաջին ձգտումն ու ցանկությունն է՝ վերադառնալ այստեղ, վերադառնալ մայրաքաղաք, վերադառնալ Երևան, վերադառնալ և կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և դեռ պետք է շարունակվի հազարամյակներ»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյին ներկա է եղել տիկնոջ հետ, ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

Երեկոյի ընթացքում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Երաժշտացանկում ներկայացվել են Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մանսուրյանի և այլ ստեղծագործողների երկերը։

Հայերեն Русский

ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի հարցին՝ ինքը կա, թե չկա. Նիկոլ Փաշինյան

Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Կառավարությունը կմեղմի ինտենսիվ այգեգործության ծրագրի շահառուների վարկային պարտավորությունները

Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին