Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթահարել դրանք. Հայկ Մարության

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս ամիսների ընթացքում, և հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը Երևանում, մասնավոր կազմակերպություններին ու այլ քաղաքների գործընկերներիս, որոնք կանգնած էին մեր կողքին անշահախնդիր ու ամեն ինչ անում էին քաղաքի համար: Անչափ շնորհակալ եմ նաև քաղաքի բնակիչներին, որոնք համբերատար սպասում էին խնդրի լուծմանը: Ես զգացի այդ համախմբվածությունը, այդ ջերմությունը, որ ցուցաբերում էին նրանք: Եվ սա ևս մեկ անգամ ավելի ուժեղացրեց մեր քաղաքը: Սա շատ կարևոր հաղթանակ էր ոչ թե մեզ, այլև մայրաքաղաքի համար: Երևանն այն քաղաքն է, որը կարող է ընդունել մարտահրավերներ և հաղթած դուրս գալ»,- նշել է քաղաքապետը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ 2019-ի մարտից մինչ օրս պատվաստվել, ստերջացվել, քարտեզագրվել և համարակալվել է շուրջ 2000 շուն: Աշխատանքների ծավալը հատում է 60%-ի սահմանը:

«Ընկերությունն իսկապես շատ արդյունավետ աշխատանք է իրականացրել: Անչափ կարևորում եմ այս փաստը, որովհետև մենք նպատակ ունեինք, որ սպանդը պետք է վերացնենք, և մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն էինք վերցրել: Շնորհիվ ամբողջ անձնակազմի ջանքերի, կարողացանք այս ճանապարհը հաղթահարել»,- նշել է Հայկ Մարությանը:

Ավարտվել է փորձնական ծրագրով 20 վերելակների տեղադրման մրցութային գործընթացը: Քաղաքապետին զեկուցվել է, որ մատակարարների հետ պայմանագրերն արդեն կնքված են:

Քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ գործնական քայլեր ձեռնարկել՝ նոր երթուղային ցանցի իրագործման համար անհրաժեշտ ավտոբուսների արտադրության, գնային քաղաքականության ու հետագա սպասարկման հետ կապված:

Անդրադառնալով ընթացիկ տարում կանաչապատման ոլորտում առաջացած խնդիրներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը հորդորել է գույքագրել և 2020թ. ծրագրերում նախատեսել համակարգի արդիականացման աշխատանքներ:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջաններում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 180 հազար դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 26 մլն 160 հազար դրամ: Ընդհանուր առմամբ անցած չորս ամիսների ընթացքում Երևանի 6 վարչական շրջաններում կատարված գույքագրման արդյունքում ընկերության մուտքերն ավելացել են շուրջ 104 մլն դրամով: Կարևորելով գործընթացը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հետևողական աշխատանքի համար:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. քաղաքապետին զեկուցվել է, որ տոնական ու մշակութային միջոցառումներով լեցուն կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները:

Հոկտեմբերի 24-26-ը Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա «Թումանյանական օրեր Թբիլիսիում» մշակութային ծրագիրը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Մշակութային ծրագրի շրջանակում նախատեսված են հիշատակի մի շարք արարողություններ, այցելություն Թիֆլիսի հայկական պատմամշակութային վայրեր՝ Սուրբ Գևորգ եկեղեցի, հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, իսկ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կկայանա հայ և վրացի մտավորականների հանդիպումը: Նույն օրերին Վանաձորում կկայանան «Երևանի օրերը», որոնք ևս հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով: Հանձնարարվել է աշխատանքներ տանել՝ մշակութային կարևոր այս երկու նախաձեռնությունները հավուր պատշաճի իրականացնելու համար:

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան կար․ ԱԳ նախարարը արտահանման դիվերսիֆիկացիայի մասին

Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»

Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու դեպքի բացահայտման մասին․ կան ձերբակալվածներ

Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը