Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Տարիների երկարամյա փորձ ունեցող մարզիկներին փոխարինող նոր սերունդը սկսել է իր խոսքն ասել միջազգային հարթակներում և նրանցից մեկը` հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանն է (63 կգ): Ղազախստանի մայրաքաղաք Նուր- Սուլթանում կայացած աշխարհի առաջնությունում Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Գալստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է հաղթանակի, տպավորությունների և հետագա պլանների մասին:

-Սլավիկ, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել և մարզվել ըմբշամարտով:

-Սկսել եմ մարզվել 7 տարեկանից, հայրիկիս ընկերոջ տղան մարզվում էր, ինձ էլ առաջարկեցին և գնացի մարզումների: Սկզբնական շրջանում չէի ցանկանում մարզվել, բայց հետո եղբորս հետ սկսեցինք այցելել մարզումների: Հետո մարզաձևը սկսեց դուր գալ և մարզիչներն էլ ասում էին, որ ստացվում է ինձ մոտ: Այդպես սկսեցի ավելի լուրջ զբաղվել ըմբշամարտով: Ընտանիքից ոչ ոք չի զբաղվել ըմբշամարտով, եղբայրս էլ վնասվածքից հետո նույնպես չշարունակեց մարզումները:

-Աշխարհի այս առաջնությունն արդյունքի տեսանկյունից ուրիշ էր Ձեզ համար: Առանձնացրեք այն գոտեմարտը, որն առավել որոշիչ էր ըստ Ձեզ:

-Ես հասկանում էի, որ բոլոր գոտեմարտերն էլ որոշիչ են, որովհետև յուրաքանչյուր սայթաքում կարող էր ինձ դուրս մղել պայքարից, կարող էի և չանցնել մյուս փուլ: Իմ խմբում էր նաև գործող աշխարհի չեմպիոնը, որն ավելի էր բարդացնում ընթացքը: Ամեն գոտեմարտ ինձ համար շատ կարևոր է եղել:

-Ինչ կասե՞ք հայ ըմբիշների հետ գոտեմարտերի մասին, տարբերվո՞ւմ են մյուսներից:

-Ոչ, ինձ համար սովորականի պես են, քանի որ սպորտ է ու չեմ կարող առանձնացնել` ինչ երկրից է: Բնականաբար, հայ մարզիկների հետ կապի մեջ ենք, շփվում ենք, բայց երբ արդեն մրցագորգում ես լինում, պետք է միևնույն լինի, թե ով է դիմացդ կանգնած:

-Արդյո՞ք հաղթանակը պարտավորեցնում է:

-Միանշանակ, քանի որ դրանից հետո արդեն ավելի լուրջ են վերաբերվում քեզ, մտածում են, որ ավելի բարձր արդյունքներ կարող ես գրանցել:

-Ձեր քաշային կարգն օլիմպիական չէ, մտածո՞ւմ եք քաշային կարգի փոփոխության մասին:

-Դեռ ունենք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն, նույն քաշային կարգում եմ մասնակցելու, բայց մտադրություն կա փոփոխելու քաշային կարգս, մարզիչների հետ դեռ կորոշենք` ինչպես անել:

-Դուք մրցագորգ եք դուրս գալիս դիմացինի թուլությունները հիշելո՞վ, թե սեփական ուժեղ կողմերին ապավինելով:

-Ավելի շատ իմ ուժերի վրա եմ հենվում: Մտածում եմ ինչպես անել, որ ես հաղթեմ, ոչ թե դիմացինս սխալ թույլ տա, իսկ ես կարողանամ դրանից օգտվել: Ճիշտ է այդպես էլ է լինում, բայց պետք է ուժերիդ հավատաս, ոչ թե դիմացինիդ սխալի շնորհիվ հաղթանակի հասնես:

-Ունե՞ք սիրելի հնարք, որը հաճախակի եք կիրառում:

-Այո, ոչ բոլոր դեպքերում է ստացվում, բայց շատ դժվար պահերի, օգնում է հաղթանակի հասնել: Դա ինձ մոտ ավելի լավ է ստացվում:

-Սլավիկ, Դուք ըմբշամարտի համար ոչ ստանդարտ հասակ ունեք, օգնո՞ւմ է այն Ձեզ, թե հակառակը:

-Ես արդեն սովորել եմ իմ հասակի հետ կապված բարդություններին: Ինձ օգնում է, բայց նաև խանգարում է, երբ մրցակիցներս չափից ավելի ցածրահասակ են լինում:

-Ինչո՞վ եք զբաղվում ըմբշամարտից դուրս և արդյոք այլ մասնագիտություն ունեք:

-Ըմբշամարտից դուրս չէ, ամբողջովին ինձ նվիրել եմ ըմբշամարտին: Ես մտածում եմ, որ պետք է մի գործի մեջ խորանաս, որ արդյունքի հասնես: Հիմա նաև սովորում եմ, մտածում եմ, որ ուսումը կարևոր է:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Հաջողության բանաձևը չկոտրվելն է: Ճիշտ է, ես չեմ մտածում, որ կա մի այնպիսի մարզիկ, որի մոտ միշտ ամեն ինչ ստացվում է: Պետք է կարողանաս հաղթահարել պարտությունը և շարունակել պայքարը, հակառակ դեպում չի ստացվի: Չի լինում այնպես, որ դու միշտ հաղթողի դերում լինես:

-Կա՞ մի մարզիկ, որի անցած ուղին Ձեզ համար օրինակ է:

-Կան մարզիկներ, որոնց մրցելու ոճն ինձ դուր է գալիս: Իրանից Համիդ Սուրյանն է այդ օրինակը: Նա այլևս չի գոտեմարտում: Նաև ինձ շատ դուր է գալիս Ռոման Վլասովը:

-Եթե ոչ ըմբշամարտ, ապա՞:

-Ֆուտբոլ, ավելին ասեմ, եթե այլ երկրում ապրեի, միանշանակ ֆուտբոլով էի զբաղվելու: Սիրելի թիմս կատալոնական «Բարսելոնա»-ն է: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին:

-Ի՞նչ պլաններ ունեք հետագայի համար:

-Առաջիկայում ունեմ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, դրանից հետո կմասնակցեմ Հայաստանի առաջնությանը: Այդտեղ էլ մարզիչների հետ կորոշենք` որ քաշային կարգում եմ մասնակցելու: Ճիշտ է, ժամանակը քիչ է նոր քաշային կարգին հարմարվելու, և Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար պայքարելու, բայց մտադրություն կա և կփորձենք:

Հարցազրույցը` Հասմիկ Հակոբյանի

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում