Հասարակական

Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

2 րոպեի ընթերցում

Երբեք չեմ հանձնվելու. Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քարդաշյանը նշում է, որ ճանաչումն իր նպատակն է և երբեք չի հանձնվելու: Նա, Երևանում հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի և Դոնալդ Թրամփի հետ խնդրի քննարկման մասին հարցին, նշեց. «Ես քննարկումներ եմ ունենում այդ հարցով Սպիտակ տանը: Մասնավոր երկխոսություն նախագահի հետ չեմ ունեցել այդ հարցով, բայց քննարկում եմ խորհրդականների հետ, և դա իմ նպատակն է: Ես չեմ հանձնվելու»:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի և զարմուհիների հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում՝ 2015թ. ապրիլին, եղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում