Ինովացիա

Համալիրն անվտանգության լուրջ միջոցառումներով է պատրաստվում  տարվա գլխավոր ՏՏ միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

Համալիրն անվտանգության լուրջ միջոցառումներով է պատրաստվում  տարվա գլխավոր ՏՏ միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակազմն արդեն 3 օր է՝ անցել է հերթապահություններով 24-ժամյա աշխատանքային ռեժիմի՝ պատրաստվելով հյուրընկալել Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Համալիրում ընթանում են ակտիվ աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ ներկայացուցչական համաժողով է լինելու, և պետք է պատշաճ պատրաստվել, որ տարբեր երկրներից եկած հյուրերը տեսնեն, որ մենք լավ պատրաստված ու ուժեղ երկիր ենք»,-ասաց Ղազարյանը:

Համալիրում նախորդ տարի հոկտեմբերին անցկացվել էր ևս մեկ խոշոր միջոցառում՝ Ֆարանկոֆոնիայի գագաթնաժողովը: Տնօրենը նկատեց՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ շատ էին տարբեր երկրների ղեկավարություններից ներկայացուցիչներ, հետևաբար անվտանգության տեսանկյունից աշխատանքներն այն ժամանակ ավելի ծանր էին: Իսկ ՏՏ համաշխարհային համաժողովի դեպքում էլ գործն է ավելի շատ, քանի որ բազմաթիվ են, օրինակ, համաժողովի շրջանակում անցկացվող էքսպոյին մասնակից ընկերությունները, և յուրաքանչյուրը ցանկանում է էլ ավելի լավ ներկայանալ:

Ղազարյանը վստահեցրեց՝ կա կազմակերպություն, որն ապահովելու է համալիրում անվտանգությունը: Համալիրի ղեկավարությունը գործակցում է նաև ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության հետ՝ համալիրի տարածքում անվտանգությունն ապահովելու համար: Ղազարյանը նաև զրույցել է Արտակարգ իրավիճակների նախարարի հետ, պայմանավորվել, որ հրշեջ ծառայության մշտական ներկայություն լինի:

Ներկայում համալիրում ընթանում են համաժողովի հովանավոր, գործընկեր կազմակերպությունների տաղավարների պատրաստման աշխատանքները: Տաղավարների թիվը կլինի 30-ին մոտ: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև համալիրի երկու դահլիճներում, որտեղ անցկացվելու են պանելային քննարկումները:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը հոկտեմբերի 2-ին հետևեց մարզահամերգային համալիրում ընթացող նախապատրաստական աշխատանքներին: Լրագրողների հետ զրույցում Եսայանը նշեց, որ այս պահին գրանցված մասնակիցների թիվն ավելի քան 2500 է, մաքսիմալ թիվը կլինի 3500-ը: Իսկ ընդհանուր բանախոսների թիվը մոտ 100 է:

WCIT 2019-ը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը: Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում համաժողովի շրջանակում տեղի կունենա աննախադեպ համերգ: Իսկ հոկտեմբերի 7-ին արդեն մարզահամերգային համալիրում կկայանա համաժողովի պաշտոնական բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում