Համառություն և հաղթանակ. համազգայինցիները թատրոնի լեզվով ներկայացրեցին Ազնավուրի անցած ճանապարհը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի հետաքրքրական դրվագները` վայրէջքներն ու վերելքները, արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և հաղթանակով անցած ուղին դերասանական հաջող խաղի, երգի, պարի միջոցով մատուցվեցին «Ազնավուր» համերգ-ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բեմադրության առաջնախաղը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին «Համազգային» թատրոնում:

Արտիստի հիշատակին նվիրված բեմականացման հեղինակը՝ դերասանուհի Ալլա Սահակյանն ասաց` երբ կարդացել է Ազնավուրի բոլոր գրքերը, նրան վերաբերող հոդվածները, ծնվել է գաղափարը, որի իրականացման գործում իրեն աջակցել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: «Ներկայացնում ենք Ազնավուր մարդուն, Ազնավուր արվեստագետին`փորձելով փոխանցել նրա ուղերձները: Պատմելով այն դժվարությունների մասին, որոնց Ազնավուրը բախվել է կյանքում` շեշտում ենք, որ, եթե հավատում ես ինքդ քեզ, քո արվեստին, եթե զգում ես, որ տաղանդավոր ես, աշխատասեր, կարող ես հասնել հաջողությունների»,- նշեց Սահակյանը:

Դերասանուհու խոսքով` Ազնավուրի պայծառությունը, չընկճվելու կարողությունը քչերին է տրված:

Նա ընդգծեց, որ Ազնավուրի գրքերից հավաքած տեղեկությունները, գեղեցիկ հատվածները համադրելով, խմբագրելով` կառուցել են ներկայացումը՝ փորձելով նկարագրել մեծ հայի հաղթանակի ճանապարհը: «Ազնավուրն իր գրքերից մեկում գրել է, որ, հավանաբար, յուրաքանչյուր դերասանուհի երազում է Պիաֆ խաղալ: Ըստ իս` յուրաքանչյուր արտիստ երազում է թեկուզ տասը րոպե բեմում Ազնավուր խաղալ ու ապրել նրա կյանքով: Մենք այսօր այդ հնարավորությունն ունենք: Մեզ համար դա տոն է` շանսոնյեին հավերժացնելու առիթ»,- շեշտեց Սահակյանը:

Թատերասերները բեմում տեսան Շառլ Ազնավուրին, Էդիթ Պիաֆին, Ազնավուրի քրոջը` Աիդային, Ազնավուրի կյանքում մեծ դերակատարություն ունեցած այլ մարդկանց, որոնց մարմնավորել են Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Նարեկ Բաղդասարյանը:

Նարեկ Բաղդասարյանը, որը յուրահատուկ մեկնաբանությամբ կատարեց Ազնավուրի մի քանի երգ, ասաց, որ Շառլի երգերում նրա կյանքն է` պոեզիայի և երաժշտության լեզվով: «Ազնավուրը ծնվել էր գաղթականների ընտանիքում, օտար երկրում և չքավորությունից հասել համաշխարհային փառքի: Նա ֆրանսիացի ամենահայտնի աշխարհահռչակ արտիստն է»,- նշեց դերասանը:

Ներկայացման ամբողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցեց հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:

Անդրադառնալով Ազնավուրի ջազային ստեղծագործություններին` Քյոսայանն ընդգծեց, որ Ազնավուրը հանճարեղ երաժիշտ էր, որն ուներ բարձրակարգ երաժշտական ճաշակ, և չէր կարող չօգտվել ջազի գանձարանից` ջազի գույներից, ջազի մտածողությունից, ջազի ազատությունից: Ազնավուրի «Je m'voyais déjà» երգը, որի շնորհիվ նրան ընդունեց Ֆրանսիան, հարուստ է ջազային երանգներով: Ազնավուրն ինձ նվիրել է իր սկավառակներից մեկը, որը կոչվում է «Ջազնավուր»,-ասաց մաեստրոն և պատմեց, որ 1995 թվականին նվագակցել է Ազնավուրին նրա՝ ԱՄՆ-ում կայացած երեկոյի շրջանակում, իսկ 1998-ին` կրկին հանդիպել են Միացյալ Նահանգներում: Ազնավուրը 2005 թվականին որպես հյուր ներկա է եղել Քյոսայանի համերգին:

«Նա մեծատառով մարդ էր, մեծ հայրենասեր: Մի բան պատմեմ. համերգներից մեկի ժամանակ Ազնավուրը վատ է զգում իրեն, և նրան հոսպիտալացնում են: Հիվանդանոցում Ազնավուրը հարցնում է, թե արդյոք հայուհի բուժքույր կա՞ այնտեղ` նշելով, որ եթե մեռնելու է, ցանկալի է` հայուհու ձեռքերի վրա»,-պատմեց ջազմենը:

Երկու գործողությամբ համերգ-ներկայացման պարերը բեմադրել է Ինեսա Արձաքանցյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները` Էդ Թադևոսյանի
Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում