Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր: Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը:

Քարդաշյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի քննադատական գրառմանը այն մասին, որ Քիմը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի արտադրություն հիմնել Թուրքիայում:

Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար, նկատել էր, որ նա արտադրություն է հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով:

«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար: Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ մատերիալից, սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քարդաշյանը: Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը: Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում:

Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:

Հայերեն العربية English Français

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար