Հասարակական

ՀՀ-ում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն. մեկնարկել է ԶՈՒ լայնածավալ զորավարժությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն. մեկնարկել է ԶՈՒ լայնածավալ զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը:

«ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի»,- ասաց Ասատրյանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետը քաղաքացիներին հորդորեց մայրուղիներում չխոչընդոտել ռազմական տեխնիկայի ու մեքենաների շարժը:

Զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 5-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում