Տնտեսություն

Հայաստանի աշխատանքի շուկան էական բարելավումներ է գրանցել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աշխատանքի շուկան վերջին մեկուկես տարում կրել է զգալի փոփոխություններ, որոնք դրսևորվել են ստվերի էական կրճատմամբ, գրանցված գործազուրկների թվի նվազմամբ, ինչպես նաև աշխատուժի պահանջարկի և առաջարկի ավելացմամբ:

Ստվերի կրճատում

2019թ-ի հունիսի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է ռեկորդային 601,5 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարեսկզբին գրանցված աշխատողների թիվն ընդամենը 509,5 հազար էր: 2018թ-ի հունիսի համեմատ գրանցված աշխատողներ թիվն աճել է 7.7%-ով, իսկ 2018-ի հունվարի համեմատ՝ 18%-ով: Ընդ որում` աճն արձանագրվել է գլխավորապես ոչ պետական կազմակերպություններում, մասնավորապես՝ այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ մասնավոր կազմակերպություններում աշխատողների թիվն աճել է 14%-ով:

Գրանցված աշխատողների թվի նման ավելացումը մեծապես պայմանավորված է ստվերի կրճատմամբ, այսինքն՝ նախկինում չգրանցված աշխատողները վերջին մեկուկես տարում գործատուների կողմից պաշտոնապես գրանցվել են: Տվյալ աճն իր ազդեցությունն է ունեցել նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ կատարվող պարտադիր վճարների վրա: Այսպես, 2019թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6%-ով:

Պետական հատվածում գերակշռում են կրթության ոլորտի աշխատակիցները՝ 101.3 հազար մարդ, իսկ ոչ պետականում՝ մեծածախ և մանրածախ առևտրով և ավտոմեքենաների ու մոտոցիկլների նորոգմամբ զբաղվողները՝ 94.2 հազար մարդ:

Գործազուրկների թվի նվազում.

Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալիորեն կրճատվել է նաև գրանցված գործազուրկների թիվը. 2019-ի հունվար-հուլիսին 2018-ի համեմատ այն նվազել է 6.5%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 18.8%-ով:

Այսպես, 2019թ.-ի հունվար-հուլիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը կազմել է 64.3 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 68.8 հազար գործազուրկների թվի համեմատ նվազել է 6.5%-ով: 2017թ-ի հունվար-հուլիսին գրանցված 79.2 հազար գործազուրկների հետ համեմատության պարագայում կրճատումը կազմում է 18.8%:

Գործազրկության ամենամեծ նվազումը եղել է Վայոց Ձորի, Լոռու և Արմավիրիր մարզերում:

Հատկանշական է, որ գործազրկության մակարդակը ներկայացնող ցուցանիշը (գրանցված գործազուրկների թիվը և գործազրկության մակարդակը տարբեր ցուցանիշներ են) 2018-ին 2017-ի համեմատ նվազել է 1.2 տոկոսային կետով՝ կազմելով 20.6%: Մինչդեռ 2019թ-ի առաջին եռամսյակում գրանցվել է գործազրկության մակարդակի որոշակի աճ, այն ավելացել է 0.9 տոկոսային կետով:

Աշխատուժի առաջարկի և պահանջարկի ավելացում.

2019-ին ավելացել է ոչ միայն գրանցված աշխատողների թիվը, այլև աճողական տեմպով նշանակալի ավելացել է նաև աշխատուժի հանդեպ պահանջարկը՝ հուլիս ամսին կազմելով 3806 մարդ, որը 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 1299-ով, կամ 1.5 անգամ:

Ինչպես պարզ է դառնում գրաֆիկից՝ 2018թ-ից սկսած կայուն և աճողական տեմպերով ավելացել է աշխատուժի նկատմամբ և՛ առաջարկը, և՛ պահանջարկը:

2019թ-ի հուլիսի տվյալներով՝ աշխատուժի պահանջարկը հատկապես մեծ է արդյունաբերության ոլորտում: Աշխատուժի շուկայում ամենաշատ պահանջարկն են վայելում որակավորում չունեցող բանվորները, սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները: Նրանց հաջորդում են որակավորում ունեցող բանվորները, բարձր և միջին որակավորում ունեցող մասնագետները, օպերատորները, ապարատավարները և այլն: Աշխատուժի պահանջարկն ավելի քան երկու անգամ մեծացել է Երևանում, 1.7 անգամ Արարատի մարզում, 1.5 անգամ Արագածոտնի և Լոռու մարզերում:

Միջին ամսական անվանական աշխատավարձն ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ՎԿ նախնական տվյալներով բարձրացել է 5.9%-ով՝ կազմելով 178 հազար 325 դրամ:

Վերոնշյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության բարձրացումը մի կողմից և հարկային վարչարարության բարելավումը մյուս կողմից դրական են անդրադառնում աշխատուժի շուկայի վրա՝ հանգեցնելով քանակական և որակական բարելավման:

Մանե Միքայելյան

Հայերեն

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն