Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

3 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ:

Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈՒԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից և նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

Մասնավորապես, նշվել է, որ ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:

ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում