Ինովացիա

Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը, նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը: Նախարարը հատկապես կարևորել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը հնարավորություն է տալու Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ընկերություններին ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների հետ: Կարևորվել է նաև հայկական սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավումը հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում