Հասարակական

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից

3 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չի ներկայացվել իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, և առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերն իմ ուշադրության ներքո են: Դա Հայաստանում ամենաարդիական հարցերից է։ Ես մի քանի օր առաջ այցելել եմ Քոչարյանին՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը պահման պայմանների հետ կապված: Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չներկայացվեց,նույն վիճակն է»,-ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է գործի դատաքննությանը վերաբերող հարցերին, թեև ՄԻՊ-ին մտահոգություններ ներկայացվել են, սակայն Թաթոյանը շեշտեց, որ իրավունք չունի միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ:

Նա նշեց, որ պաշտպանական կողմի՝ կոնկրետ դատավորների գործողություններին վերաբերող հարցերին, մտահոգություններին տեղյակ է: «Սակայն ես հիմա դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Պաշտպան Ալումյանն ինձ հրապարակային դիմել էր, դրանից հետո մենք խոսել ենք, քննարկել ենք հարցը և պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր կներկայացնի, որն էլ մանրամասն ուսումնասիրելուց հետո կհասկանանք՝ մեր իրավասությանը վերաբերում է, թե ոչ»,-ասաց Թաթոյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում