Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 1-10 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի առաջին մասը՝ նախատեսված 10-13 տարեկան երեխաների համար։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Յուքոմ» ընկերությունից, շուրջ 220 աշակերտ և 14 ջոկատավար Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից, մասնակցում էին ճամբարին։

«Արմաթ» տեխնոճամբարի ընթացքում դպրոցականները, որոնք մեծ մասամբ «Արմաթ»-ի սաներ են, նախապես կազմված թիմերով սովորեցին Arduino հարթակի միջոցով ստեղծել խելացի LED լույսերի կառավարման համակարգ, տվիչների միջոցով ստանալ տարբեր տեսակի տվյալներ (հեռավորություն, լուսավորություն, գույներ և այլն)։ Ճամբարի ընթացքում նրանք նաև սովորեցին ռոբոտ կոնստրուկտորներ հավաքել, ծրագրավորել: Թիմերի առջև վերջնական նպատակ էր դրվել պատրաստելու ինքնակառավարվող ռոբոտներ, մասնավորապես՝ սև գծին հետևող ռոբոտ։

Բացի ռոբոտատեխնիկական ուղղվածությունից` ճամբարը ներառում էր մշակութային և սպորտային բաղադրիչներ։ Ճամբարի ընթացքում աշակերտները սովորեցին հայկական պարեր Գագիկ Գինոսյանի հետ և ծանոթացան ողջ մնալու արվեստին Վովա Վարդանովի խմբի հետ:

«Արմաթ» տեխնոճամբարի ավարտին տեղի ունեցավ գծին հետևող ռոբոտների եզրափակիչ մրցույթ, որին հաջորդեց հաղթող թիմերի մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Ucom ընկերության ներկայացուցիչները և պարգևատրեցին դպրոցականներին խրախուսական նվերներով: Հաղթող թիմի բոլոր անդամներն ստացան խելացի ժամացույցներ, իսկ լավագույնները՝ էլեկտրական սկուտերներ։ Թիմը ղեկավարող ջոկատավարն ստացավ պլանշետ: Երկրորդ տեղը զբաղեցրած թիմի բոլոր անդամներին տրվեցին սմարթ ժամացույցներ, իսկ ջոկատավարին՝ պլանշետ:

«Արդեն 4-րդ տարին է, որ Ucom ընկերությունը պատիվ ունի աջակցելու արմաթցիների միջև անցկացվող տեխնոճամբարների իրականացմանը և հետևելու երեխաների առաջընթացին, նոր սերնդի ինժեներներական խմբակների հաջողությանը։ Ucom-ը շարունակելու է աջակցել երկրում տեխնոլոգիական կրթությանը և ջանք չի խնայի, որպեսզի Հայաստանը վերականգնի տեխնոլոգիապես զարգացած և նորարար երկրի իր համբավը», - նշել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։

Ճամբարին մասնակցում էին հետևյալ համայնքների դպրոցականները՝

Երևան, Արմավիր, Ռանչպար, Նորակերտ, Դամալա, Քարվաճառ, Արտենի, Ագարակ (Սյունիք), Ագարակ (Արագածոտն), Մաստարա, Աշնակ, Ագարակավան, Կաքավաձոր, Դիլիջան, Սոթք, Ճամբարակ, Գավառ, Նորատուս, Ակունք, Գյումրի, Սարատակ, Հայկավան(Շիրակ), Վահրամաբերդ, Հադրութ, Քաջարան, Կովսական, Ասկերան, Մարտակերտ, Սոս, Լորուտ, Արևածագ, Մեծ Այրում, Վանաձոր, Այգեպար, Չորաթան, Իջևան, Արտաշատ, Հարթավան, Լուսագյուղ, Բերձոր, Մարտունի (Արցախ), Իշխանաձոր, Վարդենիս, Դրախտիկ, Վահան, Կաթնաղբյուր, Ապարան:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 11-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում կկայանա «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարի 2-րդ հոսքը՝ այս անգամ նախատեսված 14-17 տարեկան պատանիների համար:

Հայերեն English

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ