Դոնալդ Տուսկի այցը և հիմնական շեշտադրումները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 9-ին Բաքվում էր, հուլիսի 10-ին՝ Երևանում, իսկ հուլիսի 11-ին կլինի Վրաստանում: Սա կարելի է համարել հեռացող եվրոպաշտոնյայի վերջին այց տարածաշրջան, քանի որ, ինչպես հայտնի է, նոյեմբերին Տուսկին կփոխարինի Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Դ. Տուսկի այցի հիմնական նպատակն է ամփոփել տարածաշրջանի երեք երկրների հետ ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև մասնակցել հուլիսի 11-ին կայանալիք Բաթումի 16-րդ միջազգային համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:

Հատկանշական է, որ Բաքվում և Երևանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Դ. Տուսկի հայտարարությունները գրեթե նույնական էին: Նրա ելույթներում կարելի է առանձնացնել մի քանի շեշտադրում.

  1. Հակամարտությունը ռազմական լուծում չունի և այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան:
  2. Եվրամիությունը շարունակում է լիարժեքորեն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ գտնելու արդար և տևական հանգուցալուծում՝ ելնելով Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքներից:
  3. Եվրամիությունը կարևորում է բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորումը և պատրաստակամ է իր ներդրումն ունենալ մարդասիրական բնույթի խնդիրների կարգավորման հարցում:

Եվրոպական խորհրդի նախագահի կողմից նման շեշտադրումներն, անշուշտ, բավական կարևոր են, և կարելի է արձանագրել, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Տուսկի շեշտադրումները համահունչ են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ) ամրագրած ԵՄ հավասարակշռված դիրքորոշմանը: Չնայած այդ հանգամանքին՝ որոշակի տարակուսանք է առաջացնում Բաքվում Տուսկի կողմից արված այն շեշտադրումը, որ ԵՄ-ն աջակցում է «Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»: ԵՄ տարբեր պաշտոնյաների կամ ԵՄ փաստաթղթերում նախկինում ևս նմանատիպ ձևակերպումներ եղել են, այնուամենայնիվ հեռացող Տուսկի կողմից նման հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բաքվին ուղղված «հաճոյախոսություն» և ոչ ավելին: Այդ մասին է վկայում նաև այն, որ իր ելույթում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Տուսկն հստակ ընդգծել է Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները, որոնցից հատկապես կարևորվում են ժողովուրդներիիրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, սկզբունքները:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Տուսկի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Երևանի և Բրյուսելի միջև առկա է բավական բարձր մակարդակի փոխըմբռնում, ինչն, անշուշտ, կարևոր է երկկողմ օրակարգի արդյունավետ կյանքի կոչման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շարքում կարելի է առանձնացնել, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի և մասնագիտացված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծման խնդիրները, որոնց հետ կապված եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել տրամադրել փորձագիտական օժանդակություն և լրացուցիչ ռեսուրսները մոբիլիզացնել:

Երկկողմ համագործակցության շրջանակներում բավական կարևոր է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ հունիսին հաստատված ճանապարհային քարտեզի համաձայն: Սակայն, ՀԸԳՀ ամբողջական կիրարկման համար անհրաժեշտ է, որ այն վավերացվի ԵՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից, ինչի մասին իր խոսքում կարևորեց նաև ՀՀ վարչապետը:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ հայտարարություններից կարելի է ենթադրել, թե ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակներում նախատեսվում է առավել մեծ ուշադրություն դարձնել բնապահպանական և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Այս առումով բավական խորհրդանշական է Տուսկի այցը Սևանա լիճ, որի բնապահպանական վիճակը դարձել է մասնագետների մտահոգության լուրջ առարկա:

Ամփոփելով կարող ենք նշել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգանում են բավական դինամիկ՝ հիմնված բարձր մակարդակի փոխըմբռնման և շահագրգռվածության վրա: Այնուամենայնիվ, բավական կարևոր է, որ ԵՄ ղեկավար կազմի փոփոխությունը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի փոփոխությունը ոչ միայն չազդեն երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերի վրա, այլ հակառակը՝ դառնան նոր ազդակներ:

Նարեկ Մինասյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը