Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս ամեն կերպ կաջակցի երկկողմ կապերի զարգացմանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով` Հայաստանին ու Վիետնամին միմյանց են կապում ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959 թվականի Հայաստան այցից մեր ժողովրդի մոտ մնացել են ջերմ հիշողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է:

ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում