Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Վիետնամի զոհված հերոսների և Հո Շի-Մինի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:

Այնուհետև վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: Վարչապետը և տիկին Հակոբյանը ծանոթացել են ներկայացված նյութերին և տաճարի պատմությանը: Այստեղ 10-11 դարերում տեղակայված է եղել Վիետնամի գլխավոր կրթական կենտրոնը: Տաճարը կրում է Կոնֆուցիուսի անունը և կառուցվել է նրա հայրենիքում գտնվող չինական Վան Միեու տաճարի նմանությամբ: Այն գրավիչ է իր ճարտարապետական տեսքով և վիետնամական միջնադարյան ճարտարապետության քիչ նմուշներից մեկն է: Տաճարում են գտնվում նաև Վիետնամի արքաների, ինչպես նաև կրթական կենտրոնի հիմնադիրների արձանները: Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել տաճարի պատվավոր հյուրերի գրքում:

Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում