Քաղաքականություն

ԼՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում

3 րոպեի ընթերցում

 ԼՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի գործում քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները կարծում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում դատախազությունը և մեղադրյալ կողմը գտնվում են հավասար պայմաններում, գործում քաղաքական հետապնդման տարրեր չեն տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության ներկայացուցիչները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցում:

«Տեղի է ունենում մրցակցային դատավարություն, այսինքն՝ կողմերն իրավունք ունեն բողոքարկել բոլոր որոշումները: Եվ դատախազությունը և մեղադրյալ կողմը գտնվում են հավասար պայմաններում: Հետևաբար` ընթանում է սովորական դատավարական գործընթաց, և իմ կարծիքով՝ այն այլ դատավարություններից չպետք է ոչնչով տարբերվի, պետք է պահպանվեն նույն գործընթացները»,-ասաց պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ պետք չէ մոռանալ, որ դա դատավարական գործընթաց է, և բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն` կապ չունի գործը վերաբերում է երկրորդ նախագահին, թե սովորական քաղաքացու: «Բոլոր քաղաքացիները պետք է նույն ընթացակարգերով գնան, ունենան նույն դատավարության հնարավորությունը, ինչը և ունի այս պահին մեղադրյալ կողմը»,-նշեց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ գործում տեսնում է քաղաքական հետապնդման տարրեր, նշեց, որ ոչ, չի տեսնում նման տարրեր: «Այդ գործընթացը մեզ համար զուտ իրավական գործընթաց է: Ռոբերտ Քոչարյանի գործի մասով իրականացվում է դատավարական գործընթաց, և մենք հետևում ենք այդ գործընթացներին: Ինչպես դատարանը որոշում է, այնպես էլ իրադարձությունները զարգանում են, այսինքն՝ սա զուտ դատավարական գործընթաց է: Եվ մեզ համար այս գործընթացն առաջնային նշանակություն չունի, գործը հանձնված է արդարադատությանը»,-նշեց Սամսոնյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը, և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Քոչարյանը հունիսի 25-ին ինքնակամ ներկայացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` կատարելու դատարանի կալանքի որոշումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում