Հինգ տասնյակ շնորհալի պատանի մեկ բեմում. Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 1-4-ը կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը: Այն նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը, որի ղեկավարն է «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայաստանի Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Նոնա Ոսկանյանը նշեց, որ փառատոնին այս անգամ կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Իսպանիայի, Վրաստանի մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ:

«Այս փառատոնով նշանավորվում է «Նոր անուններ» ծրագրի հիմնադրման 30-ամյակը: Սպիտակի երկրաշարժից հետո Սիլվա Մեքինյանի նախաձեռնությամբ սկսեց իրականացվել այս ծրագիրը, որի նպատակն էր բացահայտել պատանի տաղանդներին: Այս տարիները հագեցած են եղել բազմաթիվ համերգներով, հյուրախաղերով»,-ասաց Նոնա Ոսկանյանը:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 1-ին՝ 18.00-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի 2-ին և 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև հունիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների մենանվագ կատարումները: Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ փառատոնն ամեն տարի ընդլայնում է մասնակիցների աշխարհագրությունը:

«Ամեն տարի մասնակից երկրների թիվն է ավելանում, դրանից բացի, նկատվում է փառատոնի ծրագրի թարմացում, այն դառնում է ավելի հետաքրքիր ու բովանդակալից: Նախարարությունն իր գործունեության մեջ կարևորում է ծրագրերի շարունակականությունը, այս փառատոնով մենք կարող ենք ասել, որ ընթացքը, զարգացումը տեսնում ենք: Բարի երթ ու նոր անուններ ենք մաղթում փառատոնին»,-ասաց Լիլիա Նիկոյանը:

Յոթերորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները, ամերիկյան աստղերի հետ համատեղ, մասնակցում են «Հայաստանի Մանուկներ» (COAF) հիմնադրամի Նյու Յորքում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա-համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզեր: Հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Իգիթխանյանը նշեց, որ դա լավ հնարավորություն է երեխաների համար իրենց կատարումներով հանդես գալու արտերկրի հանդիսատեսի առջև:

««Նոր անուններ» ծրագրի հետ մենք սերտ համագործակցում ենք, շատ ենք կարևորում իրենց գործունեությունը, որն ուղղված է նոր տաղանդներ բացահայտելուն: Ամեն տարի Նյու Յորքում տեղի է ունենում մեր մեծ գալա երեկոն և մենք հյուրընկալում ենք «Նոր անուններ»-ի տաղանդավոր երեխաներին: Ուրախ ենք, որ մենք հնարավորություն ունենք հարթակ տրամադրել, որ ներկայացնեն իրենց տաղանդը»,-ասաց Իրինա Իգիթխանյանը:

Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին ծանոթանալ Հայաստանին տեսարժան վայրերին: Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն փառատոնի դիպլոմներով և հուշանվերներով։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում