Հասարակական

Այսօր էլ նույն ոգով կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը. Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

Այսօր էլ նույն ոգով կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը. Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից,ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով:

Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի:

Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց:

Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Երկնավոր Տերը զորացնի և անսասան պահի հայրենի մեր պետականությունն ու օգնական լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ արգասավորելով ի սեր հայրենյաց բոլորիս ջանքերն ու իրագործումները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում