Հասարակական

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Վահե Գրիգորյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կբողոքարկվի Մարտի 1-ի տուժողների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր: Մայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում