Հասարակական

Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքը.

«Խորը ցավով տեղեկացանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնախմբության ժամանակ Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք խլեցին հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքեր` ծանր վնասվածքներ պատճառելով ևս մի քանի հարյուր մարդու։

Մեր զորակցությունը հայտնելով մեր հավատակից քույրերին և եղբայրներին` խստորեն դատապարտում ենք քրիստոնեության ամենակարևոր տոնի ժամանակ կատարված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Միաժամանակ կոչ ենք ուղղում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության իշխանություններին ու միջազգային կառույցներին ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արմատախիլ արվեն կրոնական անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարվող մահաբեր հանցագործությունները։

Աղոթակից ենք մեր Քույր Եկեղեցու սպասավորներին: Նաև հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին ու շուտափույթ ապաքինում` վիրավորներին: Վշտակից սիրով`

Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում