Հասարակական

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանում հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը կշարունակվի երեքշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին:

«Նիստը հետաձգվեց, քանի որ աշխատանքային օրն ավարտվեց: Այսօր հիմնականում բողոքների առարկություններն են ներկայացվել»,- ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել դատական նիստին և ընթացքում տարբեր հարցերի շուրջ ներկայացրել է իր դիրքորոշումը:

«Ռոբերտ Քոչարյանը վերջում հայտարարությամբ է հանդես գալու»,- նշեց Օրբելյանը:

Փաստաբանի պնդմամբ՝ ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ մեղադրանքի ոչ հստակ լինելը:

«Մեղադրող կողմը պարտավոր է ուղղակի ապացույցներով ապացուցել, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- ասաց Օրբելյանը:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի տեսակցությունների հարցին՝ փաստաբանը նշեց, որ ընտանիքի որոշ անդամների համար սահմանափակումներ կան:

«Ռոբերտ Քոչարյանը խցում միայնակ է, նրա տրամադրությունը լավ է, քանի որ համոզված է իր անմեղության մեջ: Մասնագիտական գրականության ընթերցանությամբ է զբաղվում, ծանոթանում է գործի նյութերին, զբոսանքի որոշակի հնարավորություն ունի և փորձում է սպորտով, ինչպես նաև յոգայով զբաղվել»,- տեղեկացրեց Օրբելյանը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը: Առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչականծառայության միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում