Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն ամբողջությամբ վերանայում է ընտանիքների անապահովության համակարգը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն աշխատում է ընտանիքների անապահովության համակարգի ամբողջական վերանայման ուղղությամբ, ուսումնասիրում է, թե ընդգրկված ընտանիքները որքանով են իրապես սոցիալապես անապահով, որքանով՝ ոչ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է մարում:

«Այն տվյալները, որ ներկայացրեց ՀՀ վարչապետը, շատ լավ առիթ էր բարձրացնելու ոլորտում առկա մտահոգությունը: Եթե մենք նայում ենք ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, ապա տեսնում ենք, որ պարբերաբար այն փոփոխություններ է կրում: Դա կախված է նրանից, թե ինչպիսի նոր գործոններ, բնութագրիչներ են ավելանում և արտացոլվում համակարգում: Այստեղ ուզում եմ ասել, որ վարկ ունենալու գործոնը ևս արտացոլվում է համակարգում: Այսինքն՝ գործող համակարգով անձը կարող է վարկ ունենալ և լինել նպաստառու, բայց այստեղ լուրջ անելիք կա, հասկանալու, թե այդ ընտանիքները վարկ են վերցնում բարեկեցությունը լավացնելու համար, թե գնում են դրան անապահովությունից ելնելով»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Այսինքն՝ հստակեցվում է, թե մարդու վարկառու լինելու հանգամանքը ինչի մասին է խոսում: Նա ընդգծեց, որ խոցելի լինելու հանգամանքներից մեկը ֆինանսական չհիմնավորված ռիսկերի գնալն է ու դրանք կրելու հետևանքների ազդեցության տակ մնալը: Այսինքն՝ վարկ ունենալը, կարող է լինել նաև աղքատության բնութագրիչ: Ըստ նրա՝ այս առումով շատ կարևոր է, որ կարողանան հասկանալ, թե ինչ իրավիճակի մասին են խոսում:

«Ինչպես նշեցի, այժմ գործող գնահատման համակարգով վարկը չի ազդում նպաստ ստանալու հանգամանքի վրա: Հնարավոր է, մարդը վարկ է վերցնել գյուղացիական տնտեսությունը զարգացնի, որ կարողանա դուրս գալ ստեղծված դժվարին սոցիալական վիճակից: Հիմա անհրաժեշտ է պարզել, թե ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, զրկե՞նք նպաստից, թե խրախուսենք, որ դուրս գա այդ վիճակից»,-ավելացրեց նա:

Նախարարի տեղակալը ներկայացրեց մի քանի թիվ: Անապահովության համակարգում ներգրավված է 92 հազար ընտանիք, 11 հազարը վարկ ունեցողներ են: Վարկ վճարողների զգալի մասը ամսական 100-150 հազար է մարում: Ըստ նրա՝ սա նույնպես լրացուցիչ ուսումնասիրության թեմա է, պետք է հասկանալ նրանք գյուղերում են բնակվում, թե քաղաքում, ինչ զբաղվածություն ունեն: Այդ ամբողջ տեղեկատվությունը կօգնի ճիշտ հասկանալ իրողությունը: Կես մլն դրամից ավելի վարկ վճարողների թիվը 100-ին մոտ է, իսկ 11 հազար հնչեցված թվի մի մասն այն մարդիկ են, ովքեր ունեն ոսկու գրավ կամ քարտային պարտավորություն:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ անապահովության համակարգն ունի հասցեականության խնդիր: Այնտեղ կարող են լինել մարդիկ, ովքեր չպետք է լինեն, և հակառակը, կարող են լինել մարդիկ, ովքեր պիտի համակարգում ընդգրկված լինեն, բայց այնտեղ չեն: Հետևաբար` նախարարությունը նպատակ է դրել հնարավորինս համակարգը դարձնել հասանելի հասցեական, պարզ, առավել բազմազան: Սա նշանակում է, որ աջակցությունը չպետք է դիտել միայն դրամական տեսքով:

«Դրա համար պետք է գնանք կարիքների գնահատման ճանապարհով, հստակեցնենք, թե մարդն ինչի անհրաժեշտություն ունի, օգնել դուրս գալ այդ վիճակից: Մենք պետք է կարողանանք ձևավորել աջակցության տարբեր փաթեթներ: Որովհետև ստեղծվել է մի համակարգ, որում ընտանիքները ներառված են ու տարիներով ոչինչ չի փոխվում իրենց կյանքում: Ստացվում է, որ մենք սրա միջոցով ոչ թե աղքատություն ենք հաղթահարում, այլ մեղմացնում ենք աղքատության խորությունը: Բայց մեր նպատակը պետք է լինի նրանց այդ իրավիճակից դուրս բերելը և հասարակության ակտիվ կյանքում ինտեգրելը: Այստեղ պետք է ունենանք տարբերակված մոտեցում: Պարզ է, որ խնդիրները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միայնակ չի կարող լուծել, անհրաժեշտ է համաձայնեցված քաղաքականությունը այլ ոլորտի գերատեսչությունների հետ»,-հավելեց նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը նկատեց, թե տպավորություն է, որ նպաստառուն այլ եկամուտ ունենալ չի կարող: Այդպես չէ, նպաստառու ընտանիքներն այլ եկամուտներ ունեն տարբեր աջակցության ձևերով:

Հայերեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ

ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե

Հայաստանն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ. Փաշինյան

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Այդ ուժերը կառավարվում են մի կետից. Փաշինյանը՝ ընդդիմությանը համախմբելու Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

ԱՄՆ-ն նախնական ֆինանսավորման վերբերյալ որոշում է կայացրել․ Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի նախագծի մասին