ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարար Վալեր Դանիել Բրեազը (Valer Daniel Breaz) փետրվարի 28-ին ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարության ու Ռումինիայի մշակույթի ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ծրագրով նախատեսվում է խրախուսել թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, ոչ նյութական մշակութային ժառանգության, պատմության ոլորտներում համագործակցությունը, կազմակերպել այդ բնագավառներում գործիչների և մասնագետների փոխանակում և վերապատրաստում, համատեղ իրականացնել մշակութային տարաբնույթ միջոցառումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: