Մշակույթ

Գրողների միությունում գրական հանդիսությամբ նշեցին Թումանյանի 150 ամյակը

3 րոպեի ընթերցում

Գրողների միությունում գրական հանդիսությամբ նշեցին Թումանյանի 150 ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը հարգանքով և խոնարհումով են հիշում Հայաստանի գրողների միությունում:

Փետրվարի 22-ին միության մեծ դահլիճում տեղի ունեցավ «Իմ Թումանյանը» խորագրով գրական հանդիսություն:

Մեկ հարկի տակ հավաքված մտավորականները կիսվեցին թումանյանական իրենց ընկալումներով, հիշեցին քառյակները, մտքերն ու հերոսներին, միևնույն ժամանակ շեշտելով ամենայն հայոց բանաստեղծի մարդկային որակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Թումանյանին գրական աշխարհում վերագրեց դոմինանտ դեր՝ շեշտելով գրողի մարդկայնությունն ու պետական մտածողությունը: Միության նախագահը խոսեց ամեն տարի իրականացվող Թումանյանին նվիրված գրական հանդիսությունների, դպրոցներում գրողների կողմից անցկացվող թումանյանական դասերի, հանդիպումների մասին:

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ուրախությամբ հայտնեց, որ թանգարան այցելուների թիվը տարեցտարի աճում է, մեծ է նաև օտարերկրացիների հետաքրքրությունը: Խոսեց ակնկալվող քայլերի մասին: Դրանցից մեկը Թումանյանի ժառանգության հանրահռչակումն է: Բարձրացրեց Թումանյանի գործերը օտար լեզուներով թարգմանելու հարցը՝ շեշտելով, որ ռուսերեն լավ թարգմանություններ ունենք: Եղիազարյանը կարևորեց նաև Թումանյանի զավակներին՝ Մուշեղ, Արտավազդ Թումանյաններին ճանաչելի դարձնելու հարցը՝ նշելով, որ ուսումնասիրում են արխիվները և պատրաստվում են հրապարակել՝ դարձնելով հանրության սեփականություն:

Հնչեցին Թումանյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, «Անուշ» օպերայից Մոսիի արիան Արտակ Ստեփանյանի կատարմամբ, Լևոն Հարությունյանի նվագակցությամբ: Արսեն Համբարյանն էլ կատարեց «Գութանի երգ», «Մեր ուխտը»:

Բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացրեց Թումանյանին՝ որպես մեծ մարդասեր, մշակութային գործիչ, յուրաքանչյուրին օգնող ու պաշտպանող: «Թումանյանը ինձ համար լուսավոր, տիեզերական աշխարհ է, որքան էլ լինես այդ աշխարհում, դու չես բացահայտելու, քանի որ ենթատեքստերը, այնքան խորն են, որ կարդացողը իր երևակայությամբ պետք է բացահայտի»,-ասում է նա:

Գրական հանդիսությանը իրենց խոսքը հղեցին նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը, հայ արձակագիր Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծ Ռուզաննա Ոսկանյանը և այլք:

Էլիզա Բալայան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում