Մշակույթ

Գրականագետը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ ընկալումների վերանայման կարիք է տեսնում

3 րոպեի ընթերցում

Գրականագետը Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ ընկալումների  վերանայման կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ Վարդան Դևրիկյանը կարևորում է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների երաժշտական, պատկերային մեկնաբանումը:

«Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողովին «Արմենպրես»-ի հետ զրույցում գրականագետն ասաց, որԹումանյանի ստեղծագործությունների համապարփակ քննությունը վերջին տասնամյակներին արվել է, իսկ հիմա, ընդհանուր ստեղծագործությունների բնորոշումից բացի, պետք է տալ նաև նրա առանձին տողերի բացատրությունը, թե դրանք հայ ու համաշխարհային գրականության ավանդույթի ինչ ստեղծագործությունների հետ են հարաբերվում, ինչ փիլիսոփայական հայեցակարգ են կրում:

«Նաև պետք է նշվի Թումանյանի հարաբերությունը տարբեր գիտակարգերի հետ, Թումանյանի ստեղծագործությունների երաժշտական մեկնաբանումը, Թումանյանի կերպարը նկարչության մեջ և գրողի ստեղծագործությունների պատկերային մեկնաբանությունը»,-ասաց Դևրիկյանն ու շեշտեց՝ գիտությունն ամեն 20 տարին մեկ վերանայում է իր ըմբռնումները:

Գրականագետը շեշտեց՝ այս խնդիրները պիտի լինեն համաժողովի կարևոր թեմաները: Նա քննության ամենակարևոր հարցերից մեկը համարեց Թումանյանի ժողովրդայնության անմար հմայքը, որը ժամանակի ընթացքում չի խամրում:

Համաժողովին մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը շեշտեց՝ պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ Թումանյանին համարում են Հայաստանի ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: «Նա ասելիք է ունեցել երեխաներին, պատանիներին, երիտասարդներին, մեծահասակներին և ասելիք ունի հիմա: Նրա հրապարակախոսական նյութերը կարդալիս տպավորություն է, թե մի քանի օր առաջ է գրել: Բացի խնդիրը վերհանելուց նա նաև լուծումներ է առաջարկել»-նկատեց Հարությունյանը:

Նախարարը շեշտեց՝ նպատակ ունեն, որ Թումանյանի 150-ամյակի տոնակատարությունները վերածվեն համազգային տոնախմբության: Պետությունն այս միջոցառումներին շատ կարևոր նշանակություն է տալիս:

2019թ-ին փետրվարի 19-ին լրանում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանին նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ են իրականացվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում