Սիրիա. ՀՀ ազգային շահերից բխող քաղաքականություն

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ մասնագետների տեղակայումը Սիրիայում կարևոր քայլ է հանդիսանում Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից: Այն հնարավորություն է տալիս որակական նոր հարթություն տեղափոխել հայ-սիրիական հարաբերությունները՝ դրական ֆոն ստեղծելով ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում պրոակտիվ, նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու համար:

Ինչպես հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբն (ընդհանուր՝ 83 անձ) արդեն տեղակայվել է Սիրիայի Հալեպ քաղաքում:

Մարդասիրական առաքելություն ուղարկելու նախաձեռնության մասին հայտնի դարձավ 2018թ. սեպտեմբերին: Ինչպես և ի սկզբանե նախատեսվում էր, ծրագիրը ռազմական բաղադրիչ չի ունենալու. հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ:

Հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո՝ իր գործունեությունը համակարգելով ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ ռուսական կողմի հետ: Ի դեպ, Ռուսաստանի հետ գործողությունների համակարգումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ստանձնած դերակատարումը:

Հնչող արձագանքներն առավել քան կանխատեսելի էին

Հայկական կողմը բազմիցս հստակ հայտարարել է, որ հայ մասնագետների տեղակայման հարցը Հայաստանը քննարկել և շարունակում է քննարկել գրեթե բոլոր գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ առաքելության հումանիտար բնույթը ներկայացվել է բոլոր շահառու կողմերին: Հատկանշական է, որ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների և Սիրիայում տարբեր ուժերի շահերի բախման ֆոնին հայ մասնագետների տեղակայման վերաբերյալ հնչող արձագանքներն առավել քան կանխատեսելի և սպասելի էին: Այդ շարքից էր նաև ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները «չի աջակցում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությանը» և «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանն այս առաքելության նպատակով»: Կարևոր է ընդգծել, որ նույն Միացյալ Նահանգների պարագայում, առկա է այն ընկալումը, որ Սիրիայում հայկական առաքելությունը մարդասիրական բնույթ է կրում: 2018թ. սեպտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտարարեց, որ «Միացյալ Նահանգները ևս մտահոգ են Սիրիայի պատերազմի մարդասիրական հետևանքներով և խաղաղ բնակչության դժվարին վիճակով և հասկանում են Սիրիայի հայ բնակչությանն օգնելու Հայաստանի կառավարության ցանկությունը»: Համանման դիրքորոշում է արտահայտել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2018թ. հոկտեմբերին Հայաստան կատարած այցի շրջանակներում՝ կարևորելով այն հանգամանքը, որ «սա ռազմական օգնություն չի լինելու, այլ զուտ մարդասիրական»:

Սա նշանակում է, որ ներկա փուլում առանձնակի կարևորություն է ստանում գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ քննարկումների շարունակությունը Սիրիայում հայկական առաքելության հումանիտար բնույթը ներկայացնելու համար: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական առաքելությունը Սիրիայում իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ, ինչը ևս մեկ անգամ փաստելու է առաքելության իրական էության և նախանշված նպատակին հետևելու մասին:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով եվրոպական երկրներում խորացող միգրացիոն ճգնաժամը՝ առավել քան բնական է, որ եվրոպական երկրները ևս պետք է դրական վերաբերմունք ունենան հայկական գործողությունների նկատմամբ, որոնք, ըստ էության, միտված են տեղում հումանիտար աջակցության տրամադրմանը (այդ թվում նաև դեպի Եվրոպա միգրացիայի կանխարգելմանը) և սիրիացի փախստականների վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է հայ մասնագետների տեղակայման համար անհրաժեշտ իրավական հիմքերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։ Միևնույն ժամանակ, նշվել է, որ Սիրիայի լիազորված գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ներկայացրել, որին էլ հայկական կողմն արձագանքել է։ Սիրիայի տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Հայաստանի առաջնային նպատակը Սիրիայի հայ համայնքին օժանդակելն է

Հայ մասնագետների՝ Սիրիա գործուղման առաջնային նպատակը հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ սիրիահայ համայնքին օժանդակելն է, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից: Հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից նման առաքելության իրականացումը կարող է դրական դիտարկվել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում, ինչը ևս բխում է ՀՀ ազգային շահերից:

Պատահական չէ, որ հայ մասնագետները տեղակայվելու են հենց Հալեպ քաղաքում և գործելու են հիմնականում հայաբնակ շրջաններում: Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Հայաստանը չի կարող Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր դիտորդի կեցվածք ընդունել:

Ի վերջո, այս քայլը չի կարող ողջ գործընթացից անջատ ընկալվել: ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերում Սիրիան և սիրիական հակամարտությունը առաջնային տեղ են գրավում: Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունները պահպանելու և սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանը պահպանել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Ավելին, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը միակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունն է, որը վերջին տարիներին շարունակել է իրականացնել իր գործունեությունը պատերազմական պայմաններում:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել երկրում մարդասիրական աղետի հաղթահարման գործում՝ այդ թվում նաև պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկելով ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Սիրիայի բարեկամ ժողովրդին օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, Հայաստանն այս տարիներին ավելի քան 22 հազար փախստական է ընդունել Սիրիայից՝ դառնալով բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ փախստականներ ընդունած երրորդ երկիրը Եվրոպայում:

Հատկանշական է նաև հայ մասնագետներին Սիրիա գործուղելու համար ընտրված ժամանակահատվածը: Սիրիական հակամարտության ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար իր ավարտին է մոտենում, և պաշտոնական Դամասկոսը զգալի հաջողություններ է գրանցում մի կողմից արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վերականգնման, մյուս կողմից՝ երկրի վերակառուցման ճանապարհին: Այս գործընթացը զգալի հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի և Սիրիայի հայ համայնքի համար: Հայաստանի կողմից Սիրիայում նման առաքելության տեղակայումը կարող է դրական խթան հանդիսանալ Սիրիայի վերականգնման գործընթացում Հայաստանի հնարավորինս արդյունավետ և շահավետ ներգրավման համար:

Ընդ որում, հայ-սիրիական համագործակցությունն ակտիվացնելու հարցում առկա է երկուստեք պատրաստակամություն: 2018թ. դեկտեմբերին հայ գործարարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Սիրիայի նախագահը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց մասնակցությունը Սիրիայի վերականգնման ջանքերում առավել գերադասելի է Դամասկոսի համար: Հետևաբար, այս փուլում հայկական կողմի նախաձեռնողականությունը կարող է իր զգալի նպաստը ունենալ համապատասխան ոլորտներում համագործակցությունը հարթելու համար:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում