Տարածաշրջանային

Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը պատասխանել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պատասխանել է Հայոց ցեղասպանության մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակն, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր, որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են:

«Եթե Հայոց ցեղասպանությունը քաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում»,- գրել է Փայլանը:

Երկրորդ գրառմամբ հայ պատգամավորը հիշեցրել է, որ հայ ժողովուրդը 104 տարի է սպասում է արդարության:

«Պետության որոշմամբ այս հողերից աքսորված և կոտորված հայ ժողովրդի մեծ ողբերգության հետ Թուրքիան չի առերեսվել և անվանում չի տվել... Տեղի ունեցածը նախ և առաջ Թուրքիայի մեջլիսի և նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է սպասում ենք արդարության»,- նշված է Գարո Փայլանի հաղորդագրությունում:

Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում