Պաշտոնական

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին եւ աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական եւ արդյունավետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների:

Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է: Նա կարեւորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի համատեքստում:

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի առկայությունը, անթույլատրելի համարել պետական մակարդակում ատելության խոսքի կիրառումը՝ որպես սպառնալիք հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական գործընթացին:

Կողմերն անդրադարձել են նաեւ հետհեղափոխական շրջանում Հայաստանի որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը: Այս համատեքստում կարեւորվել է արդար ընտրությունների անցկացումը՝ որպես ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված կարեւոր քայլ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության, ժողովրդավարական, դատական բարեփոխումների իրականացման հարցում:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. կարեւորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում կարեւոր դերակատարությունը:

Քննարկվել են նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է լինել խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակ:

Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ առավել սերտ հարաբերությունների խթանումը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում