Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի, Ռուանդայի, Ուկրաինայի նախագահների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների և կազմակերպությունների առաջնորդների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը և անդրադարձել տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի: Կողմերը պայմանավորվել են դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով հստակեցնել տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են հեռանկարային լինել համագործակցությունը զարգացնելու հարցում: Նրանք համոզմունք են հայտնել, որ արդյունքում լավ հնարավորություններ կստեղծվեն ներդրումային կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացման հարցում բարձր է գնահատում Շվեյցարիայի փորձը և Հայաստանը շահագրգռված է տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ փոխգործակցությամբ: Իր հերթին, Ուելի Մաուրերն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է այդ ուղղությամբ ևս սերտացնել կապերը Հայաստանի կառավարության հետ:

Նիկոլ Փաշինյանը Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ ևս քննարկել է տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը:

Փոլ Կագամեն նշել է, որ տեղյակ է Թումո կենտրոնի հաջողված գործունեության մասին, և իրենք շահագրգռված են այդ ուղղությամբ համագործակցության զարգացմամբ:

Իր հերթին, վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և Ռուանդայի ՏՏ ոլորտի ընկերություններին հրավիրել մասնակցելու այդ կարևորագույն միջոցառմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցությանը: Փոլ Կագամեն բարձր է գնահատել Երևանում անցկացված գագաթնաժողովը և նշել, որ այն նոր էջ է բացել կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում:

Վարչապետ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հայերեն العربية English Français Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը