Հասարակական

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազի բողոքը. պաշտպան

2 րոպեի ընթերցում

Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազի բողոքը. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել է, թե ինչու են իրենք դիմել Սահմանադրական դատարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում պաշտպանը նշեց, որ իրենց համոզմամբ` Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը:

«Տվյալ դեպքում մենք նկատի ունենք, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը կիրառել էր քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար երկու հիմք կա` երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին»,- ասաց Ալումյանը:

Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:

Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում