Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթում հայազգի Իսկուհի Համբարձումյանն արժանացել է ոսկե մեդալի

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը երկար տարիներ բնակվում է Բելառուսում: Հայաստանից այնտեղ տեղափոխվել է 90-ական թվականներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Իսկուհի Համբարձումյանը պատմում է, որ խոհարարության նկատմամբ սերն իր մոտ արտահայտվել է դեռ վաղ տարիքում:

«Բոլոր հայ կանայք այս կամ այն չափով ունենում են խոհարարական հմտություններ: Ես դեռ դպրոցահասակ տարիքից էի սիրում խոհանոցը, խմորեղեններ պատրաստելը: Երբ տանն առիթ էր լինում կամ հյուր էինք գնում, իմ ձեռքի պատրաստած խմորեղենով, տորթերով փորձում էի ուրախացնել, հաճելին պարգևել մտերիմներիս: Այդ աշխարհն ինձ շատ հոգեհարազատ էր»,-ասաց Իսկուհի համբարձումյանը:

Նա ամուսնացել է երիտասարդ տարիքում, ունեցել է երեք երեխա, այդ շրջանում գրեթե ժամանակ չի ունեցել խոհարարական հմտությունները զարգացնելու, դրանք մասնագիտական հիմքի վրա դնելու համար: Ամեն դեպքում, միշտ շարունակել է թխել, ինքնուրույն այդ գործում նորույթներ սովորել, իր աշխատանքը նորովի ներկայացնել: Նրա աշխատանքը գնահատողներն իր ընտանիքն էր, հարազատներն ու ընկերները: Մի անգամ, ընկերներից մեկի առաջարկը խթան է հանդիսանում կյանքում կտրուկ փոփոխություններ անելու համար: Տարիներ առաջ իր ընկերներից մեկը, ով աշխատում էր Բելառուսի առողջարաններից մեկում, առաջարկում է մասնակցել խոհարարների մրցույթի՝ ներկայացնելով տորթեր:

«Սկզբում անակնկալի եկա, որովհետև ես երբևէ մրցույթի չէի մասնակցել, իմ աշխատանքները պրոֆեսիոնալները չէին գնահատել: Ամեն դեպքում որոշեցի ներկայանալ այդ մրցույթին, որին մասնակցում էին խոհարարներ 16 առողջարաններից: Ես անակնկալի եկա, շատ շոյվածի էի, երբ իմ աշխատանքն արժանացավ մրցանակի»,-ասաց նա:

Այս մրցույթը հետագայում խթան հանդիսացավ սիրողական զբաղմունքը պրոֆեսիոնալ հիմքի վրա դնելու համար: Իսկուհի Համբարձումյանն իր կրթությունը շարունակել է Բելառուսում, Ռուսաստանում, կարճ ժամանակ անց արդեն ոչ միայն սկսեց այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատել, այլև նույնիսկ վարպետության դասեր էր տալիս տարբեր տեղերում: Նա կապը չի կորցրել Հայրենիքի հետ և պարբերաբար գալիս է Հայաստան, որտեղ իր հմտություններն է փոխանցում տեղացի գործընկերներին: Հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանը պարզապես խմորեղեններ չի պատրաստում, նա դրանց տալիս է կերպարային լուծումներ:

«Ես ամեն մի գործը պետք է սիրեմ: Եթե ինչ-որ բան պետք է պատրաստեմ, ապա որոշ ժամանակ դրա հետ կապված գաղափարը, միտքը վերլուծում եմ, որպեսզի վերջնական հասկանամ, թե ինչ եմ ուզում ստանալ: Իմ աշխատանքը մեծ սիրով եմ անում՝ գործի մեջ վարպետությունից բացի դնելով ջերմություն»,-ասաց նա:

Իսկուհի Համբարձումյանը մասնակցել է մի շարք խոհարարական մրցույթների Բելառուսում, Ռուսաստանում, Եվրոպայի խոհարարական առաջնություններում դարձել է բազմակի հաղթող: Նոյեմբերի վերջ նա իր հետաքրքիր աշխատանքով՝ թռչուն-տորթով, որը ներկայացվել է «անմիացիոն տորթ» ժանրի ներքո, մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած «Խոհարարության համաշխարհային գավաթ» մրցույթին և արժանացել ոսկե մեդալի:

«Իմ աշխատանքը շատերի ուշադրության կենտրոնում էր: Ինչպես ես այդ կերպարը պատկերացրել էի, այնպես էլ ներկայացրել էի ժյուրիի դատին: Ի դեպ, շատ չէր խրախուսվում փայլի օգտագործումը, նույնիսկ կողքից ասում էին, որ ես դրա համար կստանամ բրոնզե մեդալ, բայց դա ինձ չէր մտահոգում: Ես իմ ամբողջական գործն այդպես էի պատկերացնում, ինձ համար կարևորն այն է, որ ես իմ աշխատանքը գրագետ ավարտել եմ ու ներկայացրել: Եվ շատ հաճելի էր ու ոգևորող, երբ արժանացա ոսկե մեդալի: Ինձ համար մեծ պատիվ է, ի վերջո աշխատանքդ գնահատվում է: Դրանից բացի, աշխարհի լավագույն վարպետների կողքին եմ եղել, նրանց յուրաքանչյուր գործից ինձ համար ինչ-որ բան եմ վերցրել: Գործը գրագետ կատարելը բավարար չէ, պետք է կարողանաս հոգի դնել, այն պիտի խոսի, կանչի»,-ավելացրեց Իսկուհի Համբարձումյանը: Մրցույթին մասնակցում էին 75 երկրից շուրջ 2 հազար խոհարար:

Իսկուհի Համբարձումյանի հետաքրքիր գործերից են Ձմեռ պապը, հրեշտակի տեսքով տիկնիկը, ծաղիկների կոմպոզիցիաները և այլն: Հետաքրքիրն այն է, որ քաղցրի մշակույթի վարպետը քաղցրի սիրահար չէ:

«Ճիշտն ասած, ես շաքարային դիաբետ ունեմ, հետևաբար քաղցր չեմ ուտում, բայց այդպես սիրահար էլ չեմ: Ինչ վերաբերում է իմ գործերը համտեսելուն, ապա ես դրանք չեմ փորձում: Այնքան հստակ գիտեմ բաղադրությունը, որ նույնիսկ չեմ փորձում իմ պատրաստածը»-ավելացրեց նա:

Իսկուհի Համբարձումյանը լի է էներգիայով ու նոր գաղափարներով, նա առաջիկայում էլ շարունակելու է հանդես գալ նոր գաղափարներով, իր հմտությունները փոխանցել երիտասարդներին, աջակցել նրանց միջազգային մրցույթներ դուրս գալու համար: Իսկուհի Համբարձումյանը Խոհարարների համաշխարհային ասոցիացիայի, ինչպես նաև Ռուսաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ է:

Աննա Գզիրյան

Հայերեն

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ