Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը կարևորում է ՄԱԿ-ի ցեղասպանությանը նվիրված կոնվենցիան համընդհանուր դարձնելուն ուղղված ջանքերը

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը կարևորում է ՄԱԿ-ի ցեղասպանությանը նվիրված կոնվենցիան համընդհանուր դարձնելուն ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, ընդունումից 70 տարի անց, դեռ 45 երկիր պետք է անդամակցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր պետք է ջանքեր ներդնի՝ խթանելու կոնվենցիան համընդհանուր դարձնելուն: «Կոնվենցիայի ընդունումից 70 տարի անց մենք սպասում ենք նրանց անդամակցությանն այս կոնվենցիային, և, կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր ջանքերով պետք է փորձենք և համապատասխան ուղերձներ հղենք այս երկրներին, ինչը հրամայական է այս կոնվենցիայի լիարժեք իրականացմանը, վավերացմանը, որպեսզի այն իսկապես համաշխարհային դառնա»,-նշեց նա:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ 1948 թ. ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան՝ միջազգային հանրությունը պարտավորվեց, որ այլևս երբեք թույլ չի տա այս հանցագործության իրականացումը:

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան միջազգային իրավունքի տեսակետից ցեղասպանությունը բնորոշող, ինչպես նաև ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ է, որն ընդունել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։Կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում էական դեր է խաղացել հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը, ով «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում