Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին

4 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի ինքնաբացարկի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն անցկացնող դատավորն ընտրվել է անօրինական: Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում Ալումյանը ներկայացրեց պարզաբանումներ:

«Մենք տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է եղել, որի ընթացքում որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը: Վիճակահանություն, որպես այդպիսին, օրենքով նախատեսված չէ: Մենք սկզբում ճշտեցինք, թե արդյոք եղել է վիճակահանություն, և դատավորը երեկվա նիստում դա հաստատեց: Մենք դիմեցինք, որպեսզի դատավորը մեզ ներկայացնի այդ վիճակահանության գործողության արձանագրությունը: Օրենսգրքով նախատեսվում է, որ քրեական գործի շրջանակում ցանկացած գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա: Չի կարող կատարվել մի գործողություն, բայց որևէ տեղ դա չերևա: Դատավորն ասաց, որ այդպիսի արձանագրություն չկա: Նա այլ պարզաբանում ևս ներկայացրեց՝ ասելով, որ եղել է վիճակահանություն, բայց ինքը չգիտի՝ երբ դատարանի նախագահը գործն իրեն է հանձնարարել, ինքը վիճակահանության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե՞ այլ չափանիշ ևս հաշվի է առել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ դատավորի այդ պատասխանն ավելի մեծ անորոշություն առաջացրեց: Ահա այդ ամենը պարզելու համար Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են դատարանի նախագահի պաշտոնակատարին՝ խնդրելով տրամադրել վիճակահանության արձանագրություն, եթե, իհարկե, այդպիսի վիճակահանություն տեղի է ունեցել: Դրանից բացի՝ նրանք խնդրել են նշել, թե ինչ չափորոշիչներ են կիրառվել գործը դատավորին հանձնարարելու համար:

«Դատարանի նախագահի պաշտոնակատարը գրեց, որ վիճակահանություն եղել է, արձանագրություն չկա: Դրանից բացի գրեց, որ դատավորի ընտրությունը որոշվել է պատահականությամբ, և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա: Ըստ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննվի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից: Յուրաքանչյուր դեպքում, երբ ստեղծվում է դատարանի կազմը, ապա դա պետք է արվի օրենքի հիման վրա: Եվ մենք ցույց տվեցինք դատարանին, որ չկա օրենքով այն ընթացակարգը, որը տվյալ գործով կիրառվել է»,-ասաց Հայկ Ալումյանը:

Նա տեղեկացրեց, որ դատախազությունը չեզոք դիրքորոշում արտահայտեց, քննիչն էլ ասաց, որ գտնում է՝ տվյալ դատավորը չպետք է քննի այս գործը:

«Եթե գործը սկսվել է օրենքի խախտմամբ, ապա մենք ակնկալիք չունենք, որ ելքը կլինի օրինական: Մենք որոշեցինք դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Ցանկանում ենք, որ գործը քննվի այն կազմի կողմից, որը օրենքով սահմանված կարգով կընտրվի»,-ասաց Հայկ Ալումյանը:

Դատավորի ինքնաբացարկի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17:00-ին:

Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով:

Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում