Հորդանանի ներքին ճգնաժամն իր ազդեցությունն է թողնում Իսրայելի հետ հարաբերություններում

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելահորդանանյան հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությունը թուլացնելու նպատակով Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է սկսել «Կարմիր ծով-Մեռյալ ծով» նախագծի իրականացումը, որով նախատեսվում էր Կարմիր ծովից ջուրը տեղափոխել Մեռյալ ծով, ինչն էլեկտրաէներգիայով ու խմելու ջրով կապահովեր Իսրայելը, Հորդանանը և Պաղեստինը: 2013թ. դեկտեմբերի 9-ին այս երեք երկրները ստորագրեցին «Երկու ծովերի ջրանցքի» շինարարությունը մեկնարկելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն այն այդպես էլ կյանքի չկոչվեց բյուրոկրատական խոչընդոտների, ֆինանսական խնդիրների, Հորդանանի և Իսրայելի հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածությունների պատճառով: 10 մլրդ դոլար արժողությամբ այս նախագծի իրականացումը վերջին անգամ սառեցվել էր Իսրայելի կողմից 2017թ. նոյեմբերին, երբ նույն թվականի հուլիսին Ամմանում Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի կրակոցից սպանվել էին երկու հորդանանցի:

Իսրայելը նախօրեին արած իր հայտարարությամբ փորձում է թուլացնել երկու երկրների դիվանագիտական լարվածությունը և բանակցել հողերի վարձակալության հավելվածը երկարաձգելու շուրջ, որը չեղարկելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հորդանանի թագավորը: Աբդալլահ 2-րդը երկրում տիրող ներքին լարվածությունը թուլացնելու նպատակով հոկտեմբերի 21-ին Ամմանում բարձրաստիճան հորդանանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ չի երկարաձգելու Իսրայելի հետ 1994թ. կնքած պայմանագրի այն հավելվածը, որով Ալ-Բաքուրա (եբր. Նահարայիմ) և Ալ-Ղամր (Զոֆար) տարածքները 25 տարով վարձակալության հիմունքներով անցնում էին Իսրայելի վերահսկողության տակ: 1994թ. խաղաղության պայմանագրով Հորդանանը Եգիպտոսից հետո արաբական երկրորդ երկիրն էր, որ ճանաչեց Իսրայել պետությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շատ հանգիստ արձագանքեց Հաշիմյան թագավորության այս հայտարարությանը՝ նշելով, որ Հորդանանի հետ հարաբերություններն ամուր են, և կբանակցեն պայմանագիրը երկարաձգելու հարցի շուրջ: Հորդանանյան կողմը ավելի ուշ հայտարարեց, որ բանակցությունների հրավեր չի ստացել, իսկ եթե ստանա, ապա կքննարկեն միայն այն չեղարկելու քայլերը:

Նեթանյահուի տեսակետն Իսրայելում ոչ բոլորն են կիսում. գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող բարեբեր այս բնակավայրերի «կորուստը» թեև սարսափելի չէ հրեական պետության համար, սակայն Իսրայելի գյուղատնտեսության նախարարի կարծիքով՝ հարկավոր է պատասխան պատժիչ քայլերի դիմել և Ամմանին մատակարարվող ջրի հաճախականությունը կրճատել՝ շաբաթական 4 անգամից դարձնելով 2 անգամ: Դժգոհ են նաև տեղի գյուղատնտեսներն ու ֆերմերները. հյուսիսում տեղակայված Ալ-Բաքուրան և հարավում գտնվող Ալ-Ղամրը ջրով հարուստ գյուղատնտեսական տարածքներ են, այստեղ աճեցնում են սեխ, պղպեղ, լոլիկ, որոնք նաև արտահանվում են:

Աբդալլահ 2-րդ թագավորն իր այս որոշմամբ փորձում է թուլացնել թագավորությունում աճող բողոքի ալիքը, նվազեցնել արմատական տրամադրությունների աճը: Հոկտեմբերի 18-ին Ամմանում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարները պահանջել են տնտեսական և սահմանադրական բարեփոխումներ անցկացնել երկրում, հաստատել խորհրդարանական ժողովրդավարություն, վերացնել կոռուպցիան, ինչպես նաև Հորդանանի ինքնիշխանությունը վերականգնել սահմանին գտնվող տարածքների նկատմամբ՝ չեղյալ հայտարարելով Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրը: Բացի այդ, Հորդանանի խորհրդարանի մոտ 90 պատգամավոր վարձակալությունը չերկարաձգելու վերաբերյալ փաստաթուղթ էր ստորագրել:

Հարկ է նշել, որ երկու պետությունների հարաբերությունները հաստատումից ի վեր ժամանակ առ ժամանակ սրվել են: 1996թ. Բենիամին Նեթանյահուի վարչապետ ընտրվելուց հետո, երբ վերջինս հայտարարեց Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում իսրայելական բնակավայրերն ընդլայնելու և Երուսաղեմի իսլամական սրբավայրերի շրջանում, մասնավորապես, Տաճարի լեռան միջով ստորգետնյա թունել փորելու մասին, երկու պետությունները հարաբերությունները լարվեցին: Պատճառն այն էր, որ 1994թ. խաղաղության պայմանագրով, Երուսաղեմի իսլամական սրբավայրերի խնամակալությունը Հորդանանի հովանավորության տակ էր անցել: Հորդանանա-իսրայելական հարաբերությունների հաջորդ լուրջ սրացումը գրանցվեց 1997թ. սեպտեմբերին, երբ Ամմանում Իսրայելի հատուկ ծառայությունները (Մոսադ) անհաջող մահափորձ իրականացրեցին Հորդանանի քաղաքացի, «ՀԱՄԱՍ» կազմակերպության քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշալի նկատմամբ: Հորդանանա-իսրայելական հարաբերություններում նկատված ամենալարված շրջաններից մեկը կապված էր 2014թ. Ալ-Ակսայի ճգնաժամի հետ, երբ Իսրայելի ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, մուսուլման հավատացյալների առաջ փակեց Ալ-Ակսա մզկիթի մուտքը: Ըստ Հորդանանի իշխանությունների՝ Իսրայելը հատել է կարմիր գիծը, ինչից հետո Իսրայելից հետ կանչեց իր դեսպանին, ով Իսրայել վերադարձավ միայն 2015թ. սկզբին: Հաջորդ միջադեպը գրանցվեց 2017թ. հուլիսին, երբ Իսրայելի դեսպանի տան անվտանգության աշխատակցի արձակած կրակոցից սպանվեց թագավորության երկու քաղաքացի: Այդ դեպքից մինչև 2018թ. հունվարը Ամմանում փակ էր Իսրայելի դեսպանությունը: Հարաբերությունները կարգավորվեցին միայն այն բանից հետո, երբ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրեց կատարվածի, ինչպես նաև 2014թ. հորդանանցի դատավորի սպանության համար: Հորդանան-Իսրայել հարաբերությունների վրա իր հետքը թողեց նաև պաշտոնական Վաշինգտոնի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն և դեսպանություն այնտեղ տեղափոխելու որոշումը, որին ի պատասխան 2017թ. դեկտեմբերին Հորդանանի խորհրդարանը հաստատեց Իսրայելի հետ պաշտոնական կապերը վերագնահատելու համար հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որով նախատեսվում էր նաև վերանայել խաղաղության համաձայնագիրը: Երկու երկրների հարաբերությունները, կարծես թե, կարգավորվեցին 2018թ. հունիսին, երբ գրեթե 4 տարի ընդմիջումից հետո Ամմանում կայացավ Նեթանյահուի ու Ադբալլահ 2-րդի հանդիպումը:

Ինչևէ, հողերի վերաբերյալ թագավոր Աբդալլահ 2-րդի այս քայլը դրական արձագանք ստացավ ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ խորհրդարանականների կողմից: Հորդանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ որոշումը վերջնական է, իսկ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, չի պնդի դրանք վերադարձնելու անհրաժեշտությունը և չի ապակայունացնի հարևան երկրում ստեղծված իրավիճակը, որի հետ սերտ համագործակցում է նաև անվտանգության ոլորտում: Ամմանի այս որոշումը, հնարավոր է, նաև ազդակ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորարևելյան ծրագրին՝ համաձայն որի Հորդանանին և Պաղեստինին առաջարկվում էր համադաշնություն ստեղծել, թեև պաշտոնական Վաշինգտոնն ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը: Աբդալլահ 2-րդը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է շեշտել, որ պաղեստինցի ժողովրդի կողքին է և Արևելյան Երուսաղեմը պետք է հռչակել Պաղեստինի մայրաքաղաք:

Արմինե Բեյբության

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում