Մշակույթ

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովան և «Միրայֆ»-ը համերգով հանդես կգան Երևանում

3 րոպեի ընթերցում

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովան և «Միրայֆ»-ը համերգով հանդես կգան Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան համերգով հանդես կգա Հայաստանում: «Երջանկության 100 ժամ» խորագիրը կրող համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակիցն իր աննկարագրելի կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի երկրպագուներին:

Համերգի կազմակերպիչ «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մերաբովան ելույթ կունենա «Միրայֆ»-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց): Որպես դիրիժոր երեկոյին հանդես կգա հենց Հյուսնունցը, իսկ դաշնամուրի առջև հանդես կգա Արմեն Մերաբովը:

«Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին նրանք մասնակցել են «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում»,-նշում է Էմիլ Կարատը:

Այս անգամվա երևանյան համերգին ներկայացվելու են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կառվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների ստեղծագործություններ:

Էմիլ Կարատի խոսքով՝ Մարիամ Մերաբովան ունի բացառիկ թավշյա ձայն, և կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա յուրաքանչյուր ելույթ մշտապես ուղեկցվում է նորանոր գեղեցիկ բացահայտումներով:

Նշենք, որ ջազային երգչուհի Մարիամ Մերաբովան ծնվել է 1972 թվականին Երևանում: Մանկուց ապրել է երաժշտական միջավայրում. Մերաբովայի տատիկը նվագում էր դաշնամուր և երգում ռոմանսներ: 5 տարեկանից Մարիամը սկսեց հաճախել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ուսումը շարունակեց Մոսվայի Գնեսինների անվան դպրոցում՝ դաշնամուրի դասարանում: Մի քանի տարի անց տաղանդավոր երգչուհին ընդունվեց Գնեսինների ուսումնարանի էստրադա-ջազային ֆակուլտետի վոկալ բաժինը: 1998 թվականին Մարիամն իր ապագա ամուսնու և ներկայիս պրոդյուսեր Արմեն Մերաբովի հետ սկսում է աշխատել «Միրայֆ» ջազային նախագծի ստեղծման ուղղությամբ: 2000 թվականին թողարկվեց «Միրայֆ»-ի անդրանիկ ձայնասկավառակը: Դրան հաջորդած բոլոր ձայնասկավառակների երաժշտական պրոդյուսերը և երգերի մեծ մասի հեղինակն Արմեն Մերաբովն է: «Միրայֆ»-ը մինչև օրս մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում