Կանադան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր հարթություներում. Ջասթին Թրյուդոն հանդիպել է Գարեգին Բ-ի հետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը ողջունել է Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատել է, որ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բարեհաջող անցկացումը Հայաստանում առիթ դարձավ տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման, նոր կապերի և գործակցության հաստատման: Նորին Սրբության խոսքով` այն հնարավորություն ընձեռեց ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ-երկրներին ճանաչելու հայ ժողովրդին և հաղորդ դառնալու նրա իղձերին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կանադայի վարչապետին ներկայացրել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին հայ ժողովրդի հետ միասին դիմագրավել է դարերի դժվարություններն ու փորձությունները, կրել նույն տառապանքներն ու զրկանքները, ապրել նրա իղձերով և տեսիլքներով: Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Հայոց ցեղասպանության և խորհրդային տարիների հետևանքով Հայոց Եկեղեցու կրած կորուստներին և ներկայում Եկեղեցու կողմից տարվող գործունեությանը տարբեր ոլորտներում` վստահություն հայտնելով, որ նոր իրողության պայմաններում Հայոց Եկեղեցին պիտի կարողանա առավել մեծ չափով շարունակել իրականացնել իր առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի կերտման ու միասնականության ամրապնդման գործում:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև գնահատանքով արձանագրել է այն ջերմ վերաբերմունքը, որ Կանադայի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվում է հանդեպ հայ համայնքը և նրա ազգային-հոգևոր կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը նկատել է, որ Կանադայի հայ համայնքը գեղեցիկ կամուրջ է երկու երկրների միջև հարաբերությունների զորացման և զարգացման համար:

Իր հերթին Կանադայի վարչապետն իր ուրախությունն է արտահայտել հանդիպման կապակցությամբ` ընդգծելով, որ երեք տասնամյակ անց մեծ հաճույք է վերստին այցելել Հայաստան և մեծ պատիվ` հյուրընկալվել հայոց հոգևոր կենտրոնում, ինչպես նաև նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:

Պրն. Ջասթին Տրյուդոն, խոսելով Կանադայում ապաստան գտած հայ համայնքի մասին, մասնավորապես նշել է, որ Կանադան պետք է շնորհակալություն հայտնի երկրում հաստատված կանադահայերին, որոնք հսկայական ներդրում են ունեցել Կանադայի կյանքի տարբեր ասպարեզներում: Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին` վարչապետը շեշտել է, որ Կանադան հպարտ է Հայաստանի գործընկերը լինել և շարունակելու է գործակցությունը տարբեր հարթություններում:

Կանադայի վարչապետը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելության տպավորությունները:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Ջասթին Տրյուդոն խոսել են խաղաղ, բարօր և ապահով աշխարհի կերտման գործում միջկրոնական երկխոսության կարևորության մասին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Հայոց Եկեղեցու ներգրավվածությունը միջկրոնական և միջեկեղեցական երկխոսություններում, ինչպես նաև տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվել է քաղաքական գործիչների կարևոր պատասխանատվությանը մարդկային կյանքում ողբերգությունների կանխարգելման, անարդարության և տառապանքների հաղթահարման, աղքատության վերացման գործում: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծել է, որ Կանադայի երիտասարդ և եռանդուն առաջնորդն ապագայի իր տեսլականով մեծ նպաստ կբերի խաղաղ աշխարհի կառուցմանը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը և թեմական խորհրդի ներկայացուցիչներ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում