Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ուժային կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բացելով հանդիպումը, Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:
«Նորանշանակ մարզպետին ներկայացնելուց առաջ ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի եւ որոշակի ձեռքբերումների գրանցման համար: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա հասարակական-քաղաքական գործունեության մեջ»,- նշեց Սուրեն Պապիկյանը: Ներկայացնելով նորանշանակ մարզպետին՝ նա ընդգծեց. «Ինչ վերաբերում է նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, ապա դուք նրա գործունեությանն առավել ծանոթ եք ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը վարելուց:
Վստահ ենք, որ նորանշանակ մարզպետն անելու է հնարավորը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեության ապահովման եւ զարգացման համար: Համոզված ենք նաեւ, որ նա իր բնապահպանական գիտելիքներն ու փորձը ներդրելու է Սեւանի բնապահպանական հիմնախնդիրների լուծման, մարզում տուրիզմի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար: Նորանշանակ մարզպետին ցանկանում եմ եռանդուն ու արդյունավետ աշխատանք»: Այնուհետ ներկաներին շնորհակալական խոսքով դիմեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ համատեղ ու փոխհամագործակցված աշխատանքի համար: Մենք աշխատեցինք շատ կարճ, բայց գրանցեցինք տեսանելի արդյունքներ, որոնք ձեռք են բերվել բոլորիս համատեղ ջանքերի արդյունքում: Ես մարզից չեմ հեռանալու եւ շարունակելու եմ իմ հասարակական-քաղաքական աշխատանքը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ ամեն կերպ կարդարացնի կառավարության վստահությունը: «Մենք նախկին մարզպետի հետ ունեցել ենք աշխատանքային լավ հարաբերություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այն ծրագրերը, որոնք մեկնարկել են մինչ իմ պաշտոնավարումը եւ մնացել են կես ճանապարհին: Ինչ հիմքեր որ դրվել են մինչ այժմ, մենք միասին կշարունակենք նոր տեմպով զարգացնել եւ կարձանագրենք դրական արդյունքներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Գեղարքունիքի մարզի զարգացման ու հզորացման»,- ներկաներին դիմեց Գնել Սանոսյանը: Հանդիպումն ամփոփեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մենք իսկապես գործում ենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Պաշտոնի փոխանցումը միշտ պետք է լինի այսպես՝ ընկերական ու հանդուրժողականության մթնոլորտում»,- ասաց նախարար Պապիկյանը:
Խոսրով Խլղաթյան