Մշակույթ

Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը նվիրված է նշանավոր ֆրանսիացի հայագետներին

3 րոպեի ընթերցում

Աելիտա Դոլուխանյանի աշխատությունը նվիրված է նշանավոր ֆրանսիացի հայագետներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի «Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունը նվիրված է նշանավոր հայագետներ Սեն Մարտենի, Լանգլուայի, Բրոսսեի, Դյուլորիերի, Մակլերի, Ֆեյդիի հայագիտական ժառանգությանը: Գրքում ներառվել է մեր օրերի խոշորագույն հայագետ Ժան-Պիեռ Մահեին վերաբերող երկու հոդված` համառոտ կենսագրական ակնարկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովին ընդառաջ:

«Սեն Մարտենի հայագիտական աշխատություններից հետո Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում սկսվեցին հայագիտական շարժումները, գրվեցին նոր աշխատություններ: Նա Եվրոպայի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի մշակույթի, գիտական ժառանգության և պատմական հետաքրքիր ճակատագրի վրա: Լանգլուան և գրքում ներկայացված մյուս հայագետները Սեն Մարտենի աշակերտներն են»,- նշեց Աելիտա Դոլուխանյանը:

Դոլուխանյանի խոսքով` ֆրանսիացի հայագետներն իրենց աշխատություններում քաղաքական պատասխան են տալիս և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, գրքի խմբագիր Անուշավան Զաքարյանը շեշտեց, որ Աելիտա Դոլուխանյանը մերօրյա անվանի հայագետներից է, և դրա խոսուն վկայությունը դեռևս նրա դեռևս 2001 թվականին հրատարակված «Եվրոպացի հայագետներ» մատենաշարն է: ««Ֆրանսիացի հայագետներ»-ը իսկապես կոթողային աշխատություն է. մեր օրերում նման բովանդակությամբ, հարցերի լայն շրջանակ արտահայտող գրքեր հազվադեպ են տպագրվում: Դոլուխանյանը քսան տարի է աշխատել այդ ուսումնասիրությունը ընթերցողին ներկայացնելու համար: Շուրջ 700 էջ ծավալով գիրքը նաև գեղարվեստորեն է լավ ձևավորված»,- ընդգծեց Զաքարյանը:

Նա շեշտեց, որ Ֆրանսիացի հայագետները ցանկացել են հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնել մարդկության պատմության ֆոնին: ««Ֆրանսիացի հայագետներ» աշխատությունն ունի քաղաքական, գիտական, ազգային հնչեղություն»,-եզրափակեց խմբագիրը:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ` ՀՀ ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում