Հայաստանը Սիրիայի հարցում իր քաղաքականությունը կառուցում է՝ ելնելով իր ազգային շահերից

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի պատրաստվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) գործուղել Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ՝ կազմված բժիշկներից, ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից՝ ընդհանուր մինչև 100 մասնագետ։ Այս հարցը բազմաթիվ շահարկումների առիթ հանդիսացավ՝ մինչև անգամ մտավախություն հնչեց, որ հայ մասնագետների գործուղումը Սիրիա կարող է լուրջ հարված հասցնել արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին: Փորձենք մի քանի կարևոր դիտարկում անել հստակեցնելու համար, թե ինչ առաքելության մասին է խոսքը և ինչ նպատակներ է այն հետապնդում:

Ի՞նչ է ենթադրում ՀՀ հումանիտար առաքելությունը Սիրիայում

Սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է հումանիտար ծրագիր իրականացնել Սիրիայում՝ ընդգծելով, որ այն ռազմական բաղադրիչ չի ունենալու: Հավանաբար, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից անմիջապես հետո նման հայտարարության տարածումը թյուրըմբռնումների պատճառ հանդիսացավ՝ առաջ բերելով տեսակետներ, որ սա ռուսական նախաձեռնություն է, և հայկական առաքելությունը գործելու է ռուսական հրամանատարության ներքո, ինչն էլ, իր հերթին, կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել արևմտյան երկրների հետ Հայաստանի հարաբերություններում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի հակադիր դիրքորոշումները Սիրիայում:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հարցազրույցներից մեկում հստակեցրեց, որ հայ մասնագետների խումբը Սիրիայում գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո, իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ համագործակցությանն այս հարցում, ապա այն սահմանափակվելու է միայն ռուսաստանյան կողմի հետ գործունեության համակարգմամբ, որն, ի դեպ, զուգահեռ իրականացվելու է նաև սիրիական իշխանությունների հետ: Ռուսական կողմի հետ գործողությունների համակարգումն առավել քան բնական է՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամում Ռուսաստանի դերակատարումը:

Ինչ վերաբերում է արևմտյան երկրների հնարավոր հակազդեցությանը, ապա հայկական կողմը հստակ հայտարարել է, որ հայ մասնագետների տեղակայման հարցը Հայաստանը քննարկել է գրեթե բոլոր գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ առաքելության հումանիտար բնույթը ներկայացվել է բոլոր այն շահառու կողմերին, որոնց Հայաստանը նպատակահարմար է գտել: Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ սա մարտական զորախումբ չէ, և հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար հարցերով: Հետևաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: Այս տեսանկյունից հատկանշական է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ «Միացյալ Նահանգները հասկանում են Սիրիայի հայ բնակչությանն օգնելու Հայաստանի կառավարության ցանկությունը»:

Ինչ վերաբերում է հայ մասնագետների տեղակայման համար անհրաժեշտ իրավական հիմքերին, ապա պետք է նշել, որ Սիրիայի լիազորված գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ներկայացրել, որին էլ հայկական կողմն արձագանքել է։ ՀՀ պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ գործընթացի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, ՄԱԿ-ի և դրա մարմինների կողմից Մերձավոր Արևելքին վերաբերվող բազմաթիվ բանաձևերն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև ՀՀ և Սիրիայի միջև գոյություն ունեցող փոխգործակցության իրավապայմանագրային պարտավորությունները։

Ի՞նչ նպատակներ է հետապնդում մասնագետների խմբի գործուղումը Սիրիա

Հայկական կողմը հայտարարել է, որ հայ մասնագետների՝ Սիրիա գործուղման առաջնային նպատակը հումանիտար խիստ ճգնաժամի մեջ հայտնված Հալեպի հայերին և Սիրիայի հայ համայնքին օժանդակելն է, ինչը բխում է Հայաստանի ազգային շահերից: Հատկանշական է նաև, որ Հայաստանի կողմից նման առաքելության իրականացումը կարող է նաև դրական խորհրդանշական քայլ դիտարկվել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում, ինչը ևս համապատասխանում է ՀՀ ազգային շահերին:

Պատահական չէ, որ հայ մասնագետները տեղակայվելու են հենց Հալեպ քաղաքում և գործելու են հիմնականում հայաբնակ շրջաններում: Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ Հայաստանը չի կարող Սիրիայում ծավալվող իրադարձությունների նկատմամբ անտարբեր դիտորդի կեցվածք ընդունել:

Ի վերջո, այս քայլը չի կարող ողջ գործընթացից անջատ ընկալվել: ՀՀ մերձավորարևելյան քաղաքականության օրակարգային հարցերում Սիրիան և սիրիական հակամարտությունը առաջնային տեղ են գրավում: Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունները պահպանելու և սիրիահայերին օգնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանը պահպանել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Ավելին, Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը միակ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունն էր, որը շարունակեց իր գործունեությունը պատերազմական պայմաններում:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում Հայաստանն իր մասնակցությունն է ունեցել երկրում մարդասիրական աղետի հաղթահարման գործում՝ այդ թվում նաև պարբերաբար մարդասիրական օգնություն ուղարկելով ոչ միայն հայ համայնքին, այլ նաև Սիրիայի բարեկամ ժողովրդին օժանդակելու համար: Միևնույն ժամանակ, Հայաստանն այս տարիներին ավելի քան 20 հազար փախստական է ընդունել Սիրիայից՝ դառնալով բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ փախստականներ ընդունած երրորդ երկիրը Եվրոպայում:

Հավելենք նաև, որ հայ մասնագետների տեղակայումը Սիրիայում միանշանակ դրական կընկալվի սիրիահայերի շրջանում՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայի 120-140 հազարանոց հայ համայնքը սիրիական հակամարտության հետևանքով գրեթե կիսով չափ կրճատվել է, և երկրում մնացած հայերը հայրենիքի աջակցության կարիքն ունեն:

Այս համատեքստում հատկանշական է նաև հայ մասնագետներին Սիրիա գործուղելու համար ընտրված ժամանակահատվածը: Սիրիական հակամարտության ակտիվ ռազմական փուլն աստիճանաբար իր ավարտին է մոտենում, և Հայաստանի կողմից նման առաքելության տեղակայումը կարող է նոր խթան հանդիսանալ Սիրիայի վերականգնման գործընթացում Հայաստանի հնարավորինս արդյունավետ և շահավետ ներգրավման համար:

Արփինե Հովսեփյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում