Քննիչ հանձնաժողովի և աշխատանքային խմբի առաջնային թիրախը պետք է լինի գազի տեխնոլոգիական կորուստների ուռճացված մակարդակը

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության տարածքում բնական գազի մատակարարման և բաշխման համակարգերում տեխնոլոգիական կորուստների միջին մակարդակը կազմում է 0.5%, մինչդեռ այն Հայաստանում հասնում է 6.4%-ի: Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է նույնիսկ հարևան Վրաստանին և Եվրոպայում ամենավատ ցուցանիշն ունեցող Մոլդովային: Տեխնոլոգիական կորուստների ֆանտաստիկ բարձր մակարդակը միայն մեկն է այն գործոններից, որոնց հետևանքով Հայաստանի սահման հասած գազը կրկնակի թանկ գնով է վաճառվում վերջնական սպառողին: Բայց արդյո՞ք այդ կորուստներն իրական են, թե՞ դրանց հետևում թաքնված է գերշահույթ ստանալու նպատակը:

Հայսատանում սպառողին վաճառվող բնական գազի սակագնի որոշման մեթոդաբանության հիմքում, ըստ էության, ընկած է «որքան շատ ծախսեր, այնքան մեծ շահույթ» սկզբունքը: Այսինքն ընկերության մոտ շահագրգռվածություն է առաջանում ուռճացնել ծախսերը, դրանք ներառել ինքնարժեքի մեջ և արդյունքում ավելի մեծ շահույթ ստանալ: Եվ այստեղ «Գազպրոմ Արմենիային» օգնության է հասնում «անխուսափելի տեխնոլոգիական կորուստներ» պատճառաբանությունը, որը եվրոպական երկրներում մեր օրերում գրեթե հավասարեցվել է 0-ի:

Այսպես, սակագնի գնագոյացման մեխանիզմում ծախսային կարևորագույն բաղադրիչ հանդիսացող «անխուսափելի տեխնոլոգիական կորուստները» Հայաստանում հասցված են ռեկորդային ծավալների՝ 6.4% կամ 142.6 մլն. խմ (2016թ): Եվրոպական երկրների հետ համեմատելիս ակնհայտ է դառնում, որ բնական գազի մատակարարման ընթացքում գազի տեխնոլոգիական կորուստների ցուցանիշները Հայաստանում էականորեն ուռճացված են: Ընդ որում, այդ կորուստները չափազանց բարձր են ոչ միայն տեխնիկապես գերժամանակակից Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի համեմատությամբ (որտեղ դրանք գրեթե 0-ական են), այլ նաև Հայաստանի հետ տեխնոլոգիական հագեցվածությամբ համադրելի երկրների համեմատությամբ:

Գազամատակարարման համակարգերի մասին մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են նորմատիվային և գերնորմատիվային տեխնոլոգիական կորուստների ցուցանիշներ: Այսինքն կան իրապես անխուսափելի կորուստներ, որոնք տեղի են ունենում ջերմաստիճանային տատանումների, վթարների և այլ օբյեկտիվ պատճառներով, և դրանք համարվում են նորմատիվային կորուստներ: Սակայն ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը՝ նորմատիվային կորուստները կազմում են գազամատակարարման ծավալների շուրջ 2%-ը, և դրանից բարձր ցուցանիշ հնարավոր չէ գտնել եվրոպական ոչ մի երկրում (բացառությամբ Մոլդովայի): Մասնավորապես՝ Սլովակիայում այդ կորուստները կազմում են 2%, Ուկրաինայում՝ 1.8%, Չեխիայում՝ 1.6%, Խորվաթիայում՝ 1.3%, Ֆրանսիայում՝ 1.2%, Ռումինիայում և Սերբիայում՝ 1%, իսկ մնացած երկրներում՝ 1%-ից ցածր:

Հայաստանի պարագայում կորուստների նման բարձր մակարդակն, ըստ էության, պայմանավորված է գերնորմատիվային կորուստներով, որոնց իրական ծավալի հաշվարկը հնարավոր է միայն գազամատակարարման և գազաբաշխման ողջ համակարգի ամբողջական տվյալներին տիրապետելու դեպքում: Ազգային ժողովում ստեղծվող գազի և էլեկտրաէներգիայի սակագների ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողովը և վարչապետի հանձնարարությամբ ստեղծված համապատասխան աշխատանքային խումբն ի թիվս այլ փաստաթղթերի «Գազպրոմ Արմենիայից» և «Տրանսգազ» ՍՊԸ-ից պետք է պահանջեն և ուսումնասիրեն վերոհիշյալ տվյալները և բացահայտեն չհիմնավորված կորուստների ողջ ծավալը (կարևոր է նկատել, որ «Գազպրոմ Արմենիայի» և «Տրանսգազ» ՍՊԸ-ի ներկայացրած հաշվետվություններում և հայտերում գերնորմատիվային ծախսերը բոլոր տեղերում հավասար են զրոյի):

Հատկանշական է, որ 2016թ-ին մատակարարվող բնական գազի սակագինը սահմանին 165 ԱՄՆ դոլարից նվազեց՝ հասնելով 150 ԱՄՆ դոլարի, սակայն սպառողներին վաճառվող գազի գինն այդպես էլ չնվազեց՝ մնալով 290 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց (139 000 դրամ): Իսկ պատճառաբանությունն այն էր, որ «ընթանում են արդիականացման և գազաֆիկացման լայնածավալ նախագծեր»:

Սակայն այս պատճառաբանությունը ևս ոչ մի քննադատության չի դիմանում: Տրամաբանությունը հուշում է, որ արդիականացման և գազաֆիկացման ծավալների ավելացման արդյունքում տեխնոլոգիական կորուստները գնալով պետք է նվազեին: Սակայն «Գազպրոմ Արմենիայի» դեպքում տեղի է ունեցել հակառակը՝ կորուստները տարեցտարի ավելացել են: Ընկերության ներկայացրած հաշվետվությունների համաձայն՝ կատարած ներդրումներին զուգահեռ գազի տեխնիկական կորուստները 2012թ.-ի 5.66%-ից աճել են՝ 2016թ-ին կազմելով 6.4%, իսկ 2017թ.-ին 6.23%:

Միևնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 2012թ-ից մինչև 2018թ-ը կատարել է շուրջ 144.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչը ևս ներառվել է կազմակերպության ծախսերի մեջ և մտել է գազի սակագնի մեջ: Ներդրումներն ուղղվել են գազափոխադրման համակարգի արդիկանացմանն ու ընդլայնմանը, նոր կայանների ստեղծմանը, ինչպես նաև նոր բաժանորդների միացմանը, խողովակաշարերի վերանորոգմանը և նմանատիպ այլ աշխատանքներ կատարելուն:

Փաստորեն ստացվում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին վաճառվող թանկ գազի հաշվին իբրև միլիոնավոր դոլարների ծախսեր է կատարում արդիականացման, խողովակաշարերի վերանորոգման ուղղությամբ, սակայան տեղի է ունենում հակառակը՝ կորուստները նվազելու փոխարեն գնալով ավելանում են:

ՀՀ էներգետիկայի նախարարի 2007թ-ի հրամանով Հայաստանում բնական գազի փոխադրման կորստի սահմանային չափ է սահմանվել 4.84%, իսկ բաշխման սահմանային չափ է սահմանվել 3.8%-ը: Վերը նշված սահմանային չափերի ստացման վերաբերյալ որևէ կոնկրետ հաշվարկ չկա և բացակայում է տեղեկատվությունը, թե ինչպես են այդ թվերը ստացվել:

Այսպիսով, ակնառու է այն հանգամանքը, որ Հայաստանում հնարավոր է նվազեցնել բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագինն՝ առնվազն ուռճացված կորուստների կրճատման հաշվին: Մյուս գործոններից կարող են դիտարկվել գազամատակարարման և գազաբաշխման ոլորտներում ներդրումների արդյունավետությունը, կատարվող այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակահարմարությունը, ինչպես նաև՝ մատակարարվող գազի կալորիականության հետ կապված խնդիրները:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ ուժերով ուսումնասիրել Հայաստանի բնակիչների համար գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը, դրա հիմքում ընկած պայմանագրային բազան և անել համապատասխան հետևություններ: Շարադրվածից կարող ենք եզրահանգել, որ գազի սակագինն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի և գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության աշխատանքային խմբի առաջնային թիրախը պետք է լինի տեխնոլոգիական կորուստների ուռճացված մակարդակի նվազեցումը:

Պանդուխտ Մարտիրոսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում