Մշակույթ

Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

3 րոպեի ընթերցում

Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս ինձ. Ճապոնացի դաշնակահարը Երևանում կատարեց Վարդապետի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի դաշնակահար Կեյ Սաոտոմեն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում հանդես եկավ մենահամերգով: Նա կատարեց Կոմիտասի «Յոթ պար» դաշնամուրային ստեղծագործությունը, Մոցարտի, Վերդիի, Լիստի, Շոպենի, Դեբյուսի և Գագիկ Հովունցի գործերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետի 149-րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագիրն անցկացվեց հոկտեմբերի 1-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Կեյ Սաոտոմեի խոսքով՝ իրեն շատ հոգեհարազատ է հայկական մշակույթը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Անչափ ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունեմ ելույթ ունենալու Հայաստանում: Երբ իմացա նախաձեռնության մասին, մեծ խանդավառությամբ ընդունեցի համաժողովին մասնակցելու հրավերը և շատ կարճ ժամանակում պատրաստեցի կոմիտասյան ստեղծագործությունները: Կոմիտաս ուսումնասիրելով` ես բացահայտեցի ինձ համար նոր աշխարհ, նոր զգացումներ: Երբ նոտաները ուղարկեցին և ուսումնասիրեցի, միանգամից հոգեհարազատ դարձան, և այսօր առաջին անգամ կատարեցի այստեղ: Հայկական հողի վրա առաջին քայլը դնելուց հետո զգացի ջերմություն, որը չեմ կարող բացատրել ոչ մի խոսքով, բայց շատ զգացմունքային ժողովուրդ են հայերը, և առաջին իսկ պահից զգացի Հայաստանի վառ գույները: Չեմ կարող նույնիսկ բառեր գտնել: Տպավորություն է` շատ եմ եղել այստեղ: Իսկ Կոմիտաս այնպես եմ նվագում, կարծես` Կոմիտասը երկնքից ուղղություն է տալիս: Զգում եմ այդ կապը Կոմիտասի հետ»,-նշեց դաշնակահարուհին:

«Կոմիտաս» միջազգայինփառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, ԲոլիվիայիցՃապոնիայից։ Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում