Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ադրբեջանական օկուպացիայից. Էդուարդ Շարմազանով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով գիտաժողովին մասնակցող ՀՀ ԱԺ պատգամավորներին, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրերին, դեսպաններին, դիվանագետներին եւ ներկաներին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է.

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի հյուրեր, ներկաներ,

ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին:

Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, քանի որ լրանում է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի 75-րդ տարեդարձը: Այդ երկու ճակատամարտերը եւ հաղթանակները վճռեցին Հայրենական մեծ պատերազմի հետագա ընթացքը:

Թե՛ Ստալինգրադի, թե՛ Կուրսկի հաղթանակներում իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել հայ ժողովրդի զավակները: Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից Պետրոս Ավագյանի թոռն եմ, իմ պապն էլ երեսուն հազար իր հայ եղբայրների նման մասնակցել է այդ ճակատամարտին: Երեսուն հազար հայերից տասը հազարը զոհվեցին` հաղթանակ պարգեւելով մեր ժողովուրդներին ընդդեմ ֆաշիզմի: Ստալինգրադում պարտություն կրելուց հետո գերմանական Վերմախտը ցանկացավ ռեւանշի հասնել Կուրսկում:

Կուրսկի հաղթանակն ունի մեծ նշանակություն. այնտեղ խորհրդային զինվորը բացեց դեպի Բեռլին գնալու ճանապարհը: Այդ ճակատամարտում իր զինվորական տաղանդով փայլեցին Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցն ու Աշոտ Ղազարյանը: Նրանցից շատերը ոչ միայն Հայաստանի Խորհրդային Հանրապետության, այլ նաեւ Արցախի զավակներ էին եւ հենց Ստալինգրադի ու Կուրսկի հերոսների ժառանգները տասնամյակներ անց ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախն ու նրա վաղեմի մայրաքաղաք Շուշին:

Հարգելի գործընկերներ, այսօր, երբ մեր պետությունների ու ժողովուրդների առջեւ ծառացած են նոր մարտահրավերներ, մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության եւ ռազմական հռետորաբանության ցանկացած դրսեւորման: Մենք՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, պարտավոր ենք լինել միասնական»:

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ