Մարզային

Գյումրին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ նշում է Քաղաքի օրը

2 րոպեի ընթերցում

Գյումրին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ նշում է Քաղաքի օրը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրին սեպտեմբերի 30-ին նշում է Քաղաքի օրը: Այս անգամ քաղաքային իշխանությունները փոքր-ինչ փոփոխել են անցած տարիների ծրագիրը. օրվա մեկնարկն ազդարարվեց արձաններ լվալու միջոցառմամբ: Քաղաքապետարանի ջրցան մեքենաները և կամավորները առավոտ վաղ լվացին քաղաքի բոլոր հուշարձանները, ավելի ուշ կայարանամերձ հրապարակում երգ ու պարով դիմավորեցին գնացքով Երևանից Գյումրի ժամանած հյուրերին: Քաղաքի տոնը գյումրեցիների հետ նշելու էր եկել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Օրվա խորհրդով պայմանավորված «Վերածնվող Գյումրի» խորագիրը կրող միջոցառումներ տեղի ունեցան Ռուսթավելի փողոցում՝ թատերականացված ներկայացումներ, արհեստների ցուցադրություն, հյուրասիրություն: Հոգևոր երգերից մինչև հայրենասիրական, ռոքից մինչև դասական՝ քաղաքի բոլոր հատվածներում տարբեր ծրագրերով հանդես էին գալիս քաղաքապետարանի ենթայակության կառույցների խմբերն ու անհատ կատարողները: Տիկնիկային ու պարային ֆլեշմոբ, համատեղ կտավի ստեղծում, հին ու նոր լուսանկարների ցուցահանդես՝ գյումրեցիներն ու քաղաք այցելած հյուրերն ազատ էին իրենց սրտի ուզած միջոցառմանը ներկայանալու:

«Գյումրիի հետ կապված ես իրականում մեկ ցանկություն ու երազանք ունեմ՝ ուզում եմ, որ Գյումրին այլևս երբեք խեղճ չլինի և Գյումրիին վերադառնա իր ամբողջական կենսուրախությունը, աշխուժությունը, հումորը, սրամտությունը՝ չնայած դա երբեք չի պակասել ու որը միշտ իրեն հատուկ է եղել: Գյումրին պետք է կարողանա ամբողջովին շտկել իր մեջքը, իսկ դրա համար կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց փոխվարչապետը՝ վստահեցնելով, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Գյումրին և Շիրակի մարզին:

Երեկոյան Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում